Ըստ որոշ տեղեկությունների՝ երեկ հանդիպել են Սերժ Սարգսյանն ու «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Նույն աղբյուրները հայտնում են, թե Բադդասարովը փորձում է որոշ հստակեցումներ ստանալ իր հետագա անելիքների ու նաև հրապարակային ասելիքների շուրջ: Բաղդասարովն առայժմ լռում է իր բիզնեսների շուրջ վերջին շրջանում ծավալվող աղմկոտ գործընթացների և «Արմավիայի» սկանդալային սնանկացման մասին: Մինչ հայտնի գործարարը կկողմնորոշվի, թե ինչ հրապարակային պարզաբանումներով է հանդես գալու տեղի ունեցողի վերաբերյալ, «Արմավիայի» լրատվական ծառայությունից երեկ ըստ էության չեն հերքել այն տեղեկությունները, որ Բադդասարովը վաճառում է իր հայաստանյան բոլոր բիզնեսները և հեռանում է Հայաստանից: Մեր թղթակցի նույնաբովանդակ հարցին «Արմավիայի» լրատվականից պատասխանել են. «Բիզնեսում ամեն բան վաճառվում է և ամեն բան գնվում է»: Հարցին` արդյո՞ք «Արմավիայի» սնանկացումը քաղաքական ենթատեքստ ունի, նույն ծառայությունից պատասխանել են, թե իրենք սնանկացման պատճառների մասին հայտնել են իրենց մամուլի հաղորդագրության մեջ», – գրում է «ՀԺ»-ն: