ԲՀԿ անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը, ով գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, քիչ առաջ գիտակցության է եկել, սակայն վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:
«Այս մասին տեղեկացել ենք վերակենդանացման բաժանմունքի պատասխանատու Արա Ղազարյանից, ով նաև նշել է, որ առայժմ տեսակցությունները արգելվում են, քանի որ Զոհրաբյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում», – պատմել է Տոնոյանը:
Ավելի վաղ Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում անդրադարձել էր մամուլի այն հրապարակումներին, թե վթարի պատճառ կարող էր հանդիսանալ վերջին շրջանում Զոհրաբյանի ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը, ինչպես նաև քաղաքական պատվերը:
«Ոչ հերքում, ոչ հաստատում ենք: Հավելենք, որ այս պահին ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում», – նշված է հաղորդագրոթյան մեջ:
Հիշեցնենք, որ նախկին պատգամավորն ավտովթարի է ենթարկվել ապրիլի 4-ին՝ կեսգիշերի մոտ, Հրաչյա Քոչար փողոցում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի