ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում ներկայացրել է «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» իր հեղինակած օրենքի նախագծի հակիրճ հիմնավորումը: Բագրատյանը նախագիծն արդեն ներկայացրել է Ազգային Ժողովի քննարկմանը:
Օրենքի նախագծի առաջին հոդվածում սահմանվում է, որ 2014 թվականի հունվարի 1-ից հանքարդյունաբերության և արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ և այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում պետք է արգելել այն ընկերությունների մասնակցությունը, որոնք գրանցված են օտարերկրյա օֆշորներում:
Երկրորդ հոդվածում նշվում է, որ Հայաստանում գրանցված հանքերի շահագործմամբ և այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություններին պետք է արգելվի արտադրանքի վաճառքը օֆշորներում գրանցված ընկերություններին:
Երրորդ հոդվածի համաձայն, Հայաստանում գրանցված հանքերի շահագործմամբ և այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություններին հարկավոր է արգելել հումքի, նյութերի, սարքերի, սարքավորումների, տեխնիկայի, տեխնոլոգիաների, ֆինանսական և այլ ծառայությունների գնումները օֆշորային ընկերություններից:
Հրանտ Բագրատյանն օրենքի անհրաժեշտության հետևյալ հիմնավորումն է ներկայացնում.
«Ներկայումս աշխարհում լուրջ պայքար է տարվում ստվերային տնտեսության դեմ: Վերջին տարիներում աշխարհի տարբեր երկրներ ստվերային տնտեսությունը օրինականցնում են իրենց տարածքում` ստեղծելով օֆշորային գոտիներ:
Օֆշորային գոտիներ գործում են շուրջ 4 տասնյակ երկրներում: Դրանք ստեղծում են ոչ միայն թերզարգացած, այլ նաև զարգացած երկրները:
Օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններն օգտվում են այդ գոտիներում սահմանված հարկային արտոնություններից՝ պայմանով, որ նրանք տնտեսական գործունեություն չեն ծավալելու այդ գոտիներում: Բոլոր դեպքերում օֆշորային գոտի նշանակում է հարկային արտոնություն:
Կիպրոսի դեպքերը ցույց են տալիս, որ օֆշորային գոտիները լուրջ արգելք են դարձել համաշխարհային տնտեսության զարգացման համար: Նրանք վերաբաշխում են այլ երկրների բյուջեներին պատկանող միջոցները: Հայաստանում գործող հանքաարդյունաբերական ձեռնարկությունների օրինակը ևս ցույց է տալիս, որ հաճախ նրանք պատրաստի արտադրանքը վաճառում են իրենց իսկ պատկանող օֆշորային ընկերություններին էժան գներով, իսկ վերջիններս արդեն իսկական և թանկ գներով վաճառում են այդ արտադրանքը վերջնական գնորդին:
Այս ամենի արդյունքում է, որ, դատելով ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում հանքերի շահագործված ֆիզիկական ծավալներից, 1,5 մլրդ դոլարի համախառն շրջանառության փոխարեն ունենք 500 մլն և 400-450 մլն դոլար բյուջետային մուտքի փոխարեն ունենք միայն 75-80 մլն դոլար:
Օրինագծի ընդունումը թույլ կտա հանքարդյունաբերության ոլորտում հասնել նրան, որ, ինչպես բանկային ոլորտում սև փողերի լվացման պարագայում, ստվերային տնտեսությունը շեշտակի կկրճատվի»: