Հայաստանի իշխանությունները համաձայն են, որ ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք ու երթ անցկացնի, սակայն դա չհանգեցնի իշխանության «ուզուրպացմանը», այն է` երդմնակալությանն ու ձեռքը Սուրբ գրքի վրա դնելուն: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում կատարելով իր իշխանական աղբյուրին:
Թերթը նաև գրում է, որ ԲՀԿ-ում իրենց աղբյուրների փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը խստիվ հրահանգել է կուսակցության անդամներին, որ իրենցից որևէ մեկը հանկարծ չփորձի մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի ապրիլի 9-ի երդմնակալության արարողությանը, երթին կամ հանրահավաքին:
Ըստ թերթի աղբյուրի՝ բացի նրանից, որ «Ժառանգությունն» այսօր իրենց մրցակիցն է, «վերևներում» պայմանավորվել են, թե ինչպես իրենց պահեն ավագանու ընտրությունների «հաշվով»:
«Պայմանավորվածության հիմնական առանցքում «Արմավիան» է. Ծառուկյանն ասել է, որ եթե աշխատավարձի և մյուս պարտքերը մարվեն, ինքը կգնի այն: Իսկ Օսկանյանի որդին էլ, ըստ ամենայնի, կգնի Միկա Բաղդասարովի ցեմենտի գործարանը: Սրանով է նաև պայմանավորված վերջին շրջանում ՀՀԿ-ԲՀԿ արտաքուստ մեղմացող, իսկ իրականում անտեսանելի, նոր երանգներ ստացող պայքարը ֆեյսբուքյան տիրույթում», – գրում է «Հրապարակը»: