Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ընդունել է Թուրքիայի Դիարբեքիր քրդաբնակ քաղաքի փոխքաղաքապետ Հեֆիզա Իպեկի գլխավորած պատվիրակությանը: Կամո Արեյանը նշել է, որ Երևանում ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև քրդական համայնքի, համար ստեղծված են բնականոն կենսագործունեության անհրաժեշտ պայմաններ, և նրանք բոլորն էլ պարբերաբար հանդես է գալիս մշակութային և այլ նախաձեռնություններով:
«Երևանը տարբեր մակարդակներում բազմաթիվ կապեր ունի աշխարհի մի շարք պետությունների քաղաքների հետ: Մենք ուրախ ենք Երևանում Ձեզ հյուրընկալելու համար, և կարծում եմ, որ մշակութային երկխոսությունը կարող է նաև այլ ոլորտներում համագործակցելու լավ ազդակ հանդիսանալ» ,- Կամո Արեյանի խոսքերն է փոխանցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Դիարբեքիրի քաղաքապետի տեղակալ Հեֆիզա Իպեկն էլ իր հերթին նշել է, որ Դիարբեքիրում մեծամասնություն կազմող քրդական համայնքը տեղի հայերի հետ մշտապես բարիդրացիական հարաբերություններ է պահպանում՝ ընդգծելով, որ հայերը շատ ակտիվ դերակատարում ունեն Դիարբեքիրի քաղաքական և տնտեսական կյանքում: Նա նաև հավելել է, որ վերջերս էլ վերաբացվել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին:
«Մենք հայերին միշտ էլ վերաբերել ենք որպես բարեկամ ժողովրդի և վստահ ենք, որ մեր շփումները կարող են լավ հեռանկար ունենալ», – նշել է Հեֆիզա Իպեկը: