Համահայկական երիտասարդական շարժման անդամները իրենց խորը մտահոգությունն են հայտնում, Ֆրանսիայի քաղաքացի, ազգությամբ հայ, 70-ամյա Ալեքսանդր Վարպետյանի`հայրենիք վերադառնալու, բայց «Զվարթնոց» օդանավակայանում ոչ ինքնակամ պահվելու մասին: Այս մասին ասված է Շարժման հայտարարության մեջ:
«Դիմում ենք ՀՀ սփյուռքի նախարար Հարանուշ Հակոբյանին. «Հարգարժան տիկին Հակոբյան, այսպես ե ՞ք ձեր հայենակիցներին վերադարձնում հայրենիք, միգուցե սա «Արի տուն» ծրագրի բաղկացուցիչ մասերից է ՞»: Դիմում ենք ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին. «Պարոն Հակոբյան, խնդրում և պահանջում ենք, որ հիմնավորեք, թե ինչ սկզբունքով է արգելվում հային վերադառնալ իր հայրական տուն: Եթե պատճառները գաղտնի են, կարելի է ենթադրել, որ հետապնդում է ազգային շահ, որի դեպքում հրապարակելը կրկին դառնում է անհրաժեշտ, նույնիսկ պարտադիր: Հրապարակեք պատճառները և ազատեք ձեզ գլխացավանքից»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ամպագոռգոռ հայտարարություններ է անում արտագաղթը կանխելու և ներգաղթը խթանելու մասին, իսկ վերջինս դրա հակադարձումն է: Մենք մտահոգ ենք մեր հայրենակիցների ներկայով և ապագայով: Պահանջում ենք խնդրին տալ շուտափույթ լուծում», – նշում են հայտարարության հեղինակները:
Հիշեցնենք, որ Վարպետյանն արդեն մեկնել է օդանավակայանից՝ առանց երկիր մուտք գործելու: Վարպետյանը, ում մուտքը Հայաստան արգելված էր 2002 թվականից, 11 տարվա ընդմիջումից հետո փորձել է մուտք գործել Հայաստան, սակայն նրան «Զվարթնոց» օդանավակայանում մեկուսացրել էին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Հայագետն իր վտարումը կապում է Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ իր հրապարակման հետ: