Home / Հայաստան / «Մարզերում ահաբեկում են». ապրիլի 9-ից առաջ ոստիկանությունից պատասխան են պահանջում

«Մարզերում ահաբեկում են». ապրիլի 9-ից առաջ ոստիկանությունից պատասխան են պահանջում

Ապրիլի 6-ին և 7-ին «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ ակտիվիստները շենքերի շքամուտքերին տեղադրված անվճար հայտարարությունների վահանակների վրա փակցրել են ապրիլի 9-ի Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած երդմնակալությանը նվիրված, Երևանի քաղաքապետարանի կողմից արտոնված արարողության մասին ներկայացնող թռուցիկներ: Դրանք, սակայն, րոպեներ անց պատռվել են անհայտ անձանց կողմից: Այս մասին տարածած հայտարարության մեջ նշում է 2013 թվականի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը:

Հայտարարության մեջ ասված է, որ ապրիլի 7-ին երիտասարդ ակտիվիստներին հաջողվել է նկարահանել իրենց հետևող ավտոմեքենայի պետհամարանիշները, իսկ րոպեներ անց հանյտնաբերել, որ այս նույն մեքենան կայանվում է Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի մոտ, իսկ դրա ուղևորները, ովքեր հենց թռուցիկները պատռողներն էին, մտնում են բաժանմունք:

Երեկ ուշ երեկոյան «Ժառանգության» երիտասարդները հանցագործության մասին հայտարարություն են տվել ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում:

«Մենք նաև ահազանգ ենք ստացել, որ մարզերում Ոստիկանության ստորաբաժանումների ներկայացուցիչները տուն առ տուն ահաբեկում են տեղի բնակչությանը՝ հետ պահելու համար մարդկանց ապրիլի 9-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին մասնակցելուց:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը պահանջում է ՀՀ Ոստիկանությունից պարզել, թե արդյոք իրոք նրա որոշ ներկայացուցիչներ ներքաշված են քրեածին, սեփական երկրի քաղաքացիների դեմ ուղղված գործողություններում և հաստատվելու դեպքում՝ անհապաղ պատասխանատվության ենթարկել հանցագործներին: Մենք գտնում ենք, որ ՀՀ Ոստիկանության պարտականությունն է ապահովել օրենքի տառը և ոչ թե իրականացնել իշխող կուսակցության և նրա ղեկավարի քաղաքական ընդդիմախոսների հետապնդումները», – եզրափակում են հայտարարության հեղինակները: