Home / Հայաստան / Հայագետին այդպես էլ Հայաստան չթողեցին. խոստանում է նոր բացահայտումներ

Հայագետին այդպես էլ Հայաստան չթողեցին. խոստանում է նոր բացահայտումներ

Ֆրանսահայ ազգաբան, հայագետ Ալեքսանդր Վարպետյանը մեկնել է Հայաստանից: Այս մասին Panorama.am-ին հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Վարպետյանը, ում մուտքը Հայաստան արգելված էր 2002 թվականից, 11 տարվա ընդմիջումից հետո փորձել է մուտք գործել Հայաստան, սակայն նրան «Զվարթնոց» օդանավակայանում  մեկուսացրել էին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

Այսօր Վարպետյանը Facebook-ի իր էջում կրկին համոզմունք է հայտնել, որ հայրենիքից իր վտարումն ու հետապնդումները, բացի ազգամշակութային և ոգեգաղափարական գործունեությունից, ամիջանականորեն առնչվում են հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ:

«Հայրենիք մուտքի արգելման պատճառներից մեկը այդ է: Մյուսը՝ ինֆորմացիոն մեկուսացումը, լավագույն լուծումը՝ իմ վերացումը, եթե ոչ այստեղ՝ ապա վստահաբար այլուր: Ուստի, մոտակա ժամանակներում ինձ հետ կատարվող նման միջադեպ երբեք բնական չհամարել:

Զի, այլևս լինելու են այլ բացահայտումներ:

Ժամանակին անգամ կիսաանկախ Հայաստանը գլխատվեց՛ այժմ ԿԱՏԱՐԵԼԱՊԵՍ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ Է… Բայց տառապած այս ազգը տեսել է շատ ավելի վատը ու չի ընկճվել: Նա արժանի է արժանապատիվ գոյության և անպատճառ կունենա: ՃԱՔԸ ԹՈՒՅԼ ՏԵՂ Է ՓՆՏՐՈՒՄ, ՃԱՌԱԳԱՅԹԸ՝ ՃԱՔ…  Եվ մեկը կա, և մյուսը… Խնդրում ենք զանգվածայնորեն տարածել», – գրել է Վարպետյանը:

Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում հայագետը համոզմունք էր հայտնել, որ իր նկատմամբ հետապնդումների պատճառը իր հրապարակումն է եղել Հոկտեբերի 27-ի մասին: Վարպետյանը գրել է Մեղրիի պայմանագրի մասին, որով նախատեսվում էր Ղարաբաղը միացնել ՀՀ-ին, իսկ Մեղրին տալ Ադրբեջանին: Վարպետյանի հրապարակման համաձայն՝ պայմանագրին Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը դեմ են եղել, և դա է եղել նրանց սպանելու պատճառը: Քանի որ պայմանագիրը Մինսկի Խմբին չէր կարող պարտադրված լինել Ռոբերտ Քոչարյանի կողմից, Վարպետյանը եզրակացրել է, որ հոկտեմբերի 27-ը դրսի ուժեր են կազմակերպել: Վարպետյանն ասել է, որ ինքը չի միայն խոսել Մեղրիի պայմանագրից: Դրան անդրադարձել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2007 թվականին  վերադառնալով քաղաքականություն:

Վարպետյանի խոսքով՝ ինքը և Կարեն Դեմիրճյանը հայագիտության ոլորտում շատ անելու ծրագրեր են ունեցել, և վերջինս հետաքրքրված է եղել հայերի ծագումնաբանության մասին հետազոտություններ անելու Վարպետյանի ծրագրով: Հայագետը պատմել է իր հայագիտական աշխատություններից և հավելել. «Ինչպե՞ս կարող է հայը ինձ Հայաստան չթողնել: Միանշանակ ուրիշների ձեռքը խառն է»: