ՀՀ ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ անդրադառնալով երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպին:
Պատգամավորը հիշեցրել է, որ ապրիլի 7-ին Երևանում մի խումբ երիտասարդների կողմից Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի երդման արարողության իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտվել է երկու անհայտ անձանց կողմից, որոնք մոխրագույն «Լադա» մակնիշի 20 UU 093 պետհամարանիշի ավտոմեքենայով հետևել են նրանց և պատռել նրանց կողմից փակցված գրեթե բոլոր իրազեկման նյութերը:
«Նույն օրը՝ ժամը մոտ 23:00-ին, օրինախախտների ծավալած գործունեության մասին հաղորդում տալու նպատակով, երիտասարդները գնացել են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության բաժանմունք և ոստիկանության բաժանմունքում հայտնաբերել են նույն «Լադա» մակնիշի 20 UU 093 պետհամարանիշի ավտոմեքենայի և նրա մեջ գտնվող երկու անհայտ անձանց, ովքեր, նկատելով իրենց արդեն ծանոթ երիտասարդնրին, դիմել են փախուստի:
Խնդրում եմ հայտնել.
- Ու՞մ է պատկանում «Լադա» մակնիշի 20 UU 093 պետհամարանիշի ավտոմեքենան և ո՞վքեր են ոստիկանական համազգեստ կրող այդ երկու անհայտ անձինք:
- Ինչու՞ ոստիկանության աշխատակիցները մեր ակտիվիստների՝ այդ մեքենան կանգնեցնելու հորդորներին ի պատասխան ոչինչ չձեռնարկեցին:
- Ինչպե՞ս եղավ, որ առանց հետևի պետհամարանիշի մեքենան առնվազն մի քանի ժամ անխոչընդոտ երթևեկում էր Երևանի փողոցներով», – հարցման մեջ նշել է Զարուհի Փոստանջյանը: