Ի՞նչ պետք է անի «Կարֆուր»-ը, որ չեն անում «Երեւան Սիթի»-ն, «Սթար»-ը կամ այլ սուպերմարկետներ, և ինչո՞ւ է շատերին թվում, որ «Կարֆուր»-ի մուտքը Հայաստան շատ բան է փոխելու՝ ի օգուտ հայաստանցու: Facebook սոցիալական ցանցի իր էջում նման գրառում է արել լրագրող, ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը (լուսանկարում):
Վերջինս համոզմունք է հայտնել, որ «Կարֆուր»-ի թիկունքին ևս գործարարներ են կանգնած, ովքեր նպատակ ունեն իրենց բիզնեսներն ընդլայնելով փող աշխատել:
«Չի կարելի այս խնդիրը ներկայացնել այն համատեքստում, թե «Կարֆուր»-ը գալու է հայ ժողովրդին փրկելու նպատակով:
Մենք պետք է սովորենք հարգել մեր գործարարներին և սիրել հայկական բրենդները: Եթե նույնիսկ «Կարֆուր»-ը մտնի Հայաստան, ես անձամբ շարունակելու եմ գնումներս կատարել հայկական սուպերմարկետներից: Գնումներովս ավելի շուտ կհարստացնեմ Սամվել Ալեքսանյանին (Երևան Սիթի), Արտակ Սարգսյանին (ՍԱՍ), Գևորգ Աֆանդյանին (Սթար), քան «Կարֆուր»-ի սեփականատերերին», – գրել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ, «Կարֆուր» ֆրանսիական սուպերմարկետների ցանցը պետք է Հայաստան մուտք գործեր՝ խանութ բացելով «Դալմա գարդեն մոլում», որտեղ արդեն փակցված էին ընկերության գովազդային պաստառները: Մամուլի հրապարակումների համաձայն, իշխանության վեջին օղակներում ընկերության համար խոչընդոտներ են ստեղծվել, և «Կարֆուրը» չի կարողացել հիպերմարկետ բացել «Դալմա գարդեն մոլում», որտեղ ծրագրվում է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» խանութի բացումը:
Խնդիրը հնչեղություն ստացավ, որից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Կարֆուրի» մուտքով Հայաստան: Մասնագետները կարծիք են հայտնել, որ «Կարֆուրի» մուտքը կարող է օգնել դիմագրավել Հայաստանում առկա ոչ հավասար մրցակցությանը և պայքարել մենաշնորհների դեմ, քանի որ «Կարֆուրը» բազմաթիվ ապրանքներ ինքն է ներկրում:
Լուսանկարը՝ Մենուա Հարությունյանի Facebook սոցիալական ցանցի էջից