«Արմավիա» ավիաընկերությունում սնանկացում դեռևս չկա. ընկերությունը հայտարարել է, որ ինքը կսկսի գործընթացը, և բոլոր դեպքերում սնանկության մասին որոշումը կայացնելու է դատարանը: Խոսելով «Արմավիա»-ի սնանկությունից հետո ոլորտում տիրող իրավիճակի մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողվի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը (լուսանկարում):
«Մինչ այդ «Արմավիան» պետք է պատրաստի մեծ փաթեթ ու ներկայացնի: Ընկերության պաշտոնյաներից մեկի խոսքերով՝ ընկերությունը դեռ դադարեցնում է չվերթները, և դա չի նշանակում, որ գնում է սնանակացման», – ասել է Մուրադյանը:
Նա նշել է կարևոր հանգամանքներից մեկը, որի արդյունքում ստեղծվել է այս իրավիճակը:
«Այս ոլորտի ներկա վիճակի պատճառն այն է, որ Հայաստանում տվյալ ոլորտի հարցերը բավարար չեն կարգավորվում օրենսդրությամբ: Հայաստանը չունի օդային օրենսգիրք, ղեկավարում է ոլորտը միայն մեկ օրենքով, ու հիմա մենք տեսնում ենք դրա ծանր հետևանքները», – ասել է ենթահանձնաժողովի պատասխանատուն:
Մուրադյանը հիշեցրել է, որ «Արմավիայի» պրոբլեմն այսօր չի սկսվել. դեռևս մեկ տարի առաջ մարտ ամսին ընկերությունն հայտարարել էր, թե դժգոհ է «Զվարթնոց» օդանավակայանի սակագնային փաթեթից և կառավարությանն առաջարկել էր միջամտել ու բանակցություններ սկսել:
«Հետո մենք իմացանք, որ բանակցությունները թերի են եղել, միայն եղել է կարճատև պայմանավորվածություն՝ պարտքերը մարելու վերաբերյալ: Դրանից բացի ուրիշ քայլեր չեն արվել, ու «Արմավիան» անընդհատ դիմել է կառավարությանը, հանրությանը, Հանրային խորհրդին»,- ասել է Մուրադյանը:
Ըստ բանախոսի՝ Հայաստանում ծրագիրը կազմում է մեկը, ոլորտը կարգավորում է երկրորդը ու ընդհանուր առմամբ «ունենք այն, ինչը ունենք»:
Նրա հավաստմամբ՝ ներկա իրավիճակի պատճառ է հանդիսացել 2009 թվականին քաղավիացիայի վարչության՝ Ռուսաստանի հետ ավիփոխադրումների շուկան ավելի լիբերալացնելու ու բացելու ուղղությամբ ստորագրված փոխհամաձայնագիրը:
«Սրանով խախտվեց պարիտետային սկզբունքը, ու եթե առաջ Հայաստանից թռչում էր մեկ ընկերություն՝ «Արմավիան», իսկ Ռուսաստանից՝ «Աերոֆլոտը», ապա փաստաթուղթը ստորագրելուց հետո այս երկուսի հետ շուկա մտավ միանգամից 6 փոխադրող: Փաստորեն ստեղծվում է մի իրավիճակ, երբ վերջում կմնա հզորագույնը, իսկ հզորագույնը, ցավոք, այսօր հայկական ավիափոխադրողը չէ ու չի լինի: Համեմատվելով, ասենք, «Աերոֆլոտի» կամ «Դոնավիայի» հետ՝ պետք է նշեմ, որ վերջիններս ունեն պետական 50%-ից ավելի աջակցություն», – ասել մասնագետը:
Մուրադյանն ասել է, որ Հայաստանը կորցնելու են նաև «Արմավիայի» 400 հոգանոց մասնագիտական պրոֆեսոնալ կազմը, ու հետագայում մնալու է օտարերկրյա օդաչուների հույսին, իսկ նրանցից ոչ ոք «մեր մասին չի հոգալու՝ ունենալու ենք ազգային կադրերի կորստի խնդիր»:
«Հիմա ունենք ավիատոմսեր գնած քաղաքացիների շատ լուրջ խնդիր: Նրանք չեն կարողանում թռչել այլ երկիր, որովհետև Հայաստանն այդ ծառայությունը մատուցող այլ փոխադրող չունի, ոչ էլ «Արմավիան» ի վիճակի է միանգամից բոլորին վճարել այդ գումարները: Մենք խնդրելու ենք պետությանը, որ ռեցեսիայի կարգով ստեղծի մի հիմնադրամ, որը կփոխհատուցի մեր քաղաքացիների այդ գումարները և ռեցեսիայի հիմունքով այդ գումարները կստանա «Արմավիայից»: Դրանք շատ մեծ գումարներ չեն պետության համար»,- ասել է բանախոսը:
Նա նաև հնարավոր ելքեր է առաջարկել՝ ոլորտում առկա խնդիրներից ձերբազատվելու համար:
«Ըստ մեր հանձնաժողովի՝ ամենաօպտիմալ լուծումներից մեկը հարցի փրկագինը որոշելն է, ինչն ահագին լուրջ աշխատանք է: Պետք է հստակեցվի՝ ինչպիսի միջոցներ են պահանջվում «Արմավիա»-ն պահելու համար, կամ ինչպիսի միջոցներ են պահանջվում նոր ավիաընկերություն ստեղծելու համար, ինչպես նաև այդ գործառույթների պլյուսներն ու մինուսները: Կառավարությունը պետք է համատեղ հանձնաժողով ստեղծի, որն էլ հրատապ կսկսի իր աշխատանքները, որովհետև ժամանակը չի սպասում», – եզրափակել է Մուրադյանը: