Երեկ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Դավութօղլուն:
«Մենք զրուցել ենք Կովկասում, Սոմալիում, Մյանմայում և Մալիում հավասարակշիռ իրավիճակի կարևորության մասին: Չափազանց կարևոր են նաև թուրք-հայկական հարաբերությունները, որտեղ մենք ավելի բազմակողմանի մոտեցում պետք է դրսևորենք», – հայտարարել է Դավութօղլուն:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հավելել է, որ «Ադրբեջանի զավթած տարածքը խնդիր է, որտեղ որոշակի առաջընթաց է հարկավոր»:
«Մենք կանդրադառնանք այս խնդիրներին նաև ապագայում», – հայտարարել է Ահմեթ Դավութօղլուն: