«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը վստահ է, որ ապրիլի 9-ի հետ հույսեր կապողները դժվար թե կարողանան բացատրել, թե հատկապես ինչ են սպասում։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Սիրելի բարեկամներս, նկատում եմ, որ լրատվական միջավայրն արդարացված կամ չարդարացված ամբողջությամբ հագեցած է ապրիլի 9-ով։ Այդ օրվա հետ ինչ-որ հույսեր կապողները դժվար թե կարողանան հոդաբաշխ բացատրել, թե հատկապես ինչ են սպասում։ Վախեցողներն էլ չգիտեն, թե ինչից են վախենում…», – գրել է իր դեմ մահափորձից հետո բուժման նպատակով արտասահման մեկնած Հայրիկյանը:
Ըստ նրա՝ բոլորը լռում են մի կարևոր ու շատ ակնհայտ իրողության մասին։
«Զանգվածաբար իրենց ավանակի տեղ դնելով՝ ճշմարտության առաքյալ լինելու հայտ են ներկայացնում։ Հանրության հաճելի ստեր ու առասպելներ հնարելով, դու միայն դրանց քանակն ես ավելացնում և մազաչափ իսկ չես մոտենում Ճշմարտությանը, ավելին՝ հեռանում ես Նրանից։ Եվ սա այն դեպքում, երբ ցանկացած մարդ գիտի, որ առանց Նրա ոչինչ տեղի չի ունենում… Բավարարվեմ այսքանով. թող ես չլինեմ սրանց շքերթի ժամանակ անձրև բերողը։ Բայց հետո կխոսեմ, ուղղակի պարտավոր եմ խոսել», – գրել է նախագահի նախկին թեկնածուն:
Հայրիկյանը տեղեկացրել է նաև իր առողջական վիճակի մասին՝ նշելով, որ ստուգումներից ու քննարկումներից հետո հոլանդական «Էրազմուս» բժշկական կենտրոնի մասնագետները եկան այն եզրակացության, որ ապաքինումը պետք է ընթանա առանց վիրահատության՝ դեղորայքային և ֆիզեո կոչված վերականգնողական մարզումային աշխատանքներով։
«Սա այն դեպքում, երբ մեր հայաստանցի մասնագետները ի վերջո միահամուռ համաձայնեցին Հայֆայի Շեմեռ բժշկական կենտրոնի բժիշկների այն կարծիքի հետ, որ շտապ վիրահատում է պետք։ Ինձ սարսափեցնողն այն է, որ այդ ընթացքում ամբողջական ապաքինման ուրևէ երաշխիք չի տրվում, որ կիլոգրամներով ցավազրկողներ եմ ընդունելու և գործընթացը տևելու է մոտ երեք ամիս (գուցե և ավելի, ինչի մասին դեռ Երևանում ինձ զգուշացնում էր բարեկամս՝ այդ գործի մեծ մասնագետ Արտաւազդ Սահակեանը)…», – գրել է Հայրկյանը: