Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Խալոյան Հնարն այսօր բողոքի ակցիա է անցկացրել Մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ պետք է կայանա Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Նա բարձրաձայն ասում էր, որ գյուղապետն ինչ-որ մի անձի հետ փաստաթղթեր է կեղծել, և իրեն տանից հանել է: Երբ ոստիկանները կնոջը հորդորել են ձայնը չբարձրացնել, Խալոյանը պատասխանել է, որ չի կարող չխոսել, քանի որ ազգային փոքրամասնություններին Հայաստանում լրջորեն ճնշում են:
«Ի՞նչ կարելի է անել՝ պռոբելմները բարձրացնելու համար»,- հարց է տվել Հնար Խալոյանը:
Նրա խոսքով՝ հայերը վերջին տարիներին շատ են փոխվել, եզդիները Հայաստանում վաղուց են ապրում, սակայն միայն վերջին շրջանում իրենց նկատմամբ ճնշումները շատացել են:
Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ 4 տարի է՝ տուն չունի, և եթե ոչ ոք իրեն չցանկանա օգնել, ինքն իրենից խլված տունը կվառի:
Այս պահին կինը շարունակում է բողոքել Մարզահամերգային համալիրի աստիճանների մոտ: