Այս պահին Մարզահամերգային համալիրի աստիճանների մոտ, որտեղ ժ.12.00-ին պետք է տեղի ունենա Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, ակցիա է կազմակերպել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նա իր վրա քաշել մի պարկ՝ փակելով դեմքը, այնուհետև պառկել է գետնին, իսկ դեմքի հատվածում տեղադրել 2008թ. մարտի 1-ին մահացած ոստիկանական զորքերի շարքային Տիգրան Աբգարյանի հոր նկարը:
Նշենք, որ Տիգրան Աբգարյանի հայրը մահացել է 2011թ.՝ 62 տարեկան հասակում: Ինչպես պատմում էին նրա հարազատները, Աբգարյանի հայրը որդու մահից հետո սրտի հետ կապված խնդիրներ ուներ:
Վարդգես Գասպարին իր ակցիան չի մեկնաբանում, սակայն 12 ժամ առաջ Facebook-ի իր էջում նա գրել էր. «Սերժ Սարգսյանը հանդարտ, բայց և կայուն տեմպերով շարունակում է իր հաղթարշավը. նրա նախագահության առաջին շրջանում թերևս մասամբ լուծվեց Մարտի մեկի խնդիրը. մահացավ Տ.Աբգարյանի հայրը, երկրից հեռացան իրավահջորդներից մի քանիսը…»:
Գասպարիի ակցիան խոչընդոտել է մի կին, որը մշտապես խանգարում է տարբեր քաղաքացիական խմբերի ակցիաները ՀՀ կառավարության շենքի մոտ: Մոտենալով պառկած ակտիվիստնին՝ նա պահանջել է, որպեսզի վերջինս բարձրանա, ապա փորձել է Գասպարիի վրայից հանել պառկը, որի հետևանքով պատռվել է ակտիվիստի պաստառը:
Epress.am-ի թղթակցի հարցին, թե ինչու ոստիկանները կնոջ գործողություններին չեն միջամտել, չէ՞ որ Գասպարին իրականացնում է իր սահմանադրական իրավունքը, Մալաթիայի ոստիկանության բաժնի իրավախորհրդատուն, ով հրաժարվել է ասել իր անունը, հայտարարել է, որ «ամեն մեկը իրա ակցիան ա անցկացնում»:
Այնուհետև ոստիկանները բարձրացրել են պարկը և հորդորել են Գասպարիին ակցիան նստած անցկացնել: Նրանցից մեկն ասել է. «Գասպարյան ջան, վեր կաց»:
Վարդգես Գասպարին, սակայն, որևէ կերպ չի արձագանքում՝ շարունակելով անշարժ պառկած մնալ: