Անկախ պետականության վերականգնումից ի վեր մեր երկիրը ահռելի դժվարություններ է հաղթահարել, վերակառուցումների ու բարեփոխումների ոչ դյուրին ճանապարհ անցել: Այս մասին Սերժ Սարգսյանի երդմնակալության առիթով հնչեցրած իր խոսքում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
«Այս պահին գնահատանքով և աղոթքով ենք հիշում հայրենի անկախ պետականության հաստատման և կայացման գործին իրենց նվիրյալ ծառայությունը բերած ազգի բոլոր զավակներին: Պետականաշինության ընթացքներում Դուք, Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ, ծանրագին ավանդ եք բերել` լինելով կերտողներից մեկը մեր պատմության այս հուսաբեր ժամանակաշրջանի: Ձեր նվիրյալ ծառայությունը Հայրենիքին ու ժողովրդին առաջնորդեց Ձեզ պետական ամենաբարձր պատասխանատվության: Նախագահի պաշտոնը հինգ տարիներ առաջ Դուք ստանձնեցիք երկրում ներքին լարվածության բարդ պայմաններում և, սակայն, աներեր կամքով և հաստատուն քայլերով ամենայն ջանք գործադրեցիք, որպեսզի պահպանվի կայունությունը և շարունակվեն բարեփոխումներն ու բնականոն զարգացման ընթացքը մեր Հայրենիքի: Ձեր նախագահության շրջանը եղավ պայքար և ծառայություն դժվարությունների և մարտահրավերների դիմագրավման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ և արդար կարգավորման, արտաքին քաղաքականության ոլորտում այլ պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման և գործակցության արդյունավորման:
Այսօր Վեհամոր Ավետարանի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա երդվելով` Դուք նորոգեցիք ծառայական Ձեր ուխտը ազգին և Հայրենիքին: Նախագահական նոր շրջան է սկսվում` որոշակի նոր պահանջներով ու ակնկալիքներով: Մեր երկրում նախորդ տարիներին արձանագրված դրական տեղաշարժերով ու բարի արդյունքներով հանդերձ` տակավին կենսական նշանակություն ունեցող և վճիռների կարոտ բազում խնդիրներ ու հարցեր կան, որոնք այսօր ևս պահանջում են հայրենի իշխանությունների և համայն մեր ժողովրդի հետևողական ջանքերը` պահպանելու համար մեր խաղաղ ու ապահով կյանքը և առաջընթացի հույսն ու հեռանկարը: Ամենքիս տեսիլքն է, որ մեր անկախ պետականության ուղին պարգևի արգասիքներ շեն ու ծաղկուն կյանքի` բարօրությամբ ու բարեկարգությամբ լեցուն, զարգացող տնտեսությամբ, գիտությամբ ու մշակույթով: Նախագահի բարձր առաքելությամբ Դուք կոչված եք իրագործման առաջնորդելու այս տեսլականը», – ասել է Կաթողիկոսը:
Նա անտարակույս է համարել, որ ժողովրդի բարօրությունը, օրենքի և իրավունքի գերակայությունը, հոգևոր-բարոյական արժեքներով հասարակական կյանքի առաջընթացը առավել ամրություն պիտի բերեն մեր երկրին, հեղինակություն` մեր պետության վարկին և առավել զորություն` մեր ազգային կյանքին:
«Մեր Եկեղեցին ինչպես միշտ իր զորակցությունն է բերելու հայրենի պետությանը և Ձեզ` հայրենաշեն ու ազգանվեր առաքելության իրականացման գործում:
Երդմնակալության այս առիթով Մեր հորդորն ենք ուղղում մեր ժողովրդին ի Հայրենիս և ի Սփյուռս` հայրենի իշխանությունների հետ միասնական ջանքեր գործադրել հանուն մեր Հայրենիքի և ազգային մեր կյանքի պայծառության, մեր հույսերի մարմնավորման: Միակամ ու միախորհուրդ ձգտենք ավելիով իրագործել այն, ինչ ազգի և հայրենի երկրի հանդեպ մեր նվիրական պարտքն ու պարտականությունն է: Չտկարանանք դժվարությունների առջև: Առաքյալի խոսքի համաձայն` «հոգ տանենք միմյանց` սիրո և բարի գործերի հորդորելով» (Եբր. 10. 24), որպեսզի օր օրի շենանա ու բարգավաճի մեր Հայրենիքը` այսօր և միշտ մնալով ամուր պատվարն ու զորության ակունքը աշխարհասփյուռ հայության:
Աղոթք ենք բարձրացնում առ Աստված մեր Հայրենիքի անսասանության, մեր ժողովրդի խաղաղ ու երջանիկ կյանքի հայցով: Աղոթում ենք Ձեզ համար, մեծարգո Նախագահ. թող Բարձրյալի օրհնությունը և Սուրբ Հոգու առաջնորդությունը միշտ լինեն Ձեզ հետ, զորացնեն Ձեզ, պահպանեն հաստատուն ու վճռակամ` կյանքի կոչելու Ձեր և մեր ժողովրդի բարի սպասումներն ու հույսերը», – ասել է Գարեգին Բ-ն: