Եվրասիական Զարգացման Բանկի փորձագիտական խորհուրդը հաստատել է ՀՀ կառավարության ներկայացրած հայտը՝ ԵԶԲ հակաճգնաժամային հիմնադրամից մինչև 100 մլն ԱՄՆ դոլար հատկացնել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի հարավային որևէ հատվածինախագծման, շինարարության և տեխնիկական վերահսկողության աշխատանքների իրականացման համար: Այս մասին երեկ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրասիական Զարգացման Բանկի հայաստանյան ներկայացուցչության նորանշանակ տնօրեն Սերգեյ Իգնատովը։
Ինչպես հաղորդում է ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունը, Գագիկ Բեգլարյանը, ներկայացնելով «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության ներկա ընթացքը, նշել է, որ մինչև տարեվերջ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կավարտվեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, որից հետո հնարավոր կլինի արդեն անցնել նախագծի իրականացման հաջորդ փուլերին։
Կարևորելով «Հյուսիս Հարավ» ճանապարհի, մասնավորապես՝ դեպի հարավ գնացող հատվածի շինարարությունը՝ նախարարն ընդգծել է, որ պետք է միավորել ջանքերը՝ ԵԶԲ-ին հնարավորինս շուտ այդ ծրագրում ներգրավելու համար։