Home / Հայաստան / «Ով ուզում է ինտերնետում սերիալ նայել, գնացեք…». Րաֆֆի Հովհաննիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ով ուզում է ինտերնետում սերիալ նայել, գնացեք…». Րաֆֆի Հովհաննիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13.00 Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հնչեցրեց իր երդումը, որը իր հետ միասին տվեցին նաև Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ:

«Մենք այսօր կեղծ երդում չենք տալու: Մենք տալու ենք միասին՝ Հայաստանի, մեր օրենքի, մեր իրավունքի, մեր Նժդեհի, մեր Լեոնիդի ու Մոնթեի հետ: Ով հիմա Համալիրում Աստվածաշնչի ու Սահմանադրության վրա երդում է տալու, թող մտածեն: Հայ ժողովուրդը հաղթել է, կեցցե Հայաստանը», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը և կոչ արել հավաքվածներին բարձրացնել Սահմանադրությունը, որը նախապես բաժանել են:

Հովհաննիսյանը նշել է, որ այսօր մարզահամերգային համալիրում միլիոններ են ծախսել «մեր փողերի հաշվին», սակայն իրական երդումը Ազատության հրապարակում է:

«Մենք ազատված ենք ձեր շղթաներից», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ում խոսքերից հետո հավաքվածները պարբերաբար վանկարկում էին «Հիմա, հիմա»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական անգամ կոչ է արել զինվորներին թողնել սահմանների վրա և չբերել Երևան:

«Հանկարծ չգաք այս հրապարակ, մնացեք սահմանին: Որդեկորույս մայրեր, ես ձեզ հետ եմ, այլևս երբեք չի լինելու մեր երեխայի կորուստը: Որբ ենք, լքված ենք՝ մենք բոլորս ազատագրման ենթակա ենք: Նախարար եք, թե նախկին նախագահ, բանվոր, թե՝ գյուղացի, Աստված, այո Վեհափառ, ես եմ ասում, Աստված թող իջեցնի իր իմաստությունը ձեր վրա, պարոն Վեհափառ, ձեր վրա, Սերժ Սարգսյան:

Այսօր Աստվածը Ազատության հրապարակում բացում է իր տիեզերքը: Պատրաստվե՛ք ապրիլի 10-ի Հայաստանի արշալույսը միասին տոնախմբելու Ով ուզում է տուն գնալ, ով ուզում է ինտերնետում, սոցիալական ցանցերում սերիալ նայել, գնացեք՝ ձեր սերիալները նայեք», – ասել է Հովհաննիսյանը:

Այնուհետև նա դիմել է Սերժ Սարգսյանին և Գագեգին Բ կաթողիկոսին՝ հրավիրելով նրանց այսօր ժ. 18.00-ին Ազատության հրապարակ՝ տոնելու Հայաստանի հաղթանակը, որից հետո ժողովուրդը սկսել է վանկարկել. «Սերժիկ, հեռացիր»:

Րաֆֆի Հովհաննիսյանը մի փոքր դադարից հետո ասել է, որև հարգում է հավաքվածների տեսակետը:

«Սխալ չեք ասում: Բայց Սերժից, Րաֆֆիից, Ռոբերտից ու Լևոնից կա ավելի բարձր արժեք: Ոստիկաններ, անվտանգության ներկայացուցիչներ, չհանդգնեք: Յուրաքանչյուր հրահանգ անիրավ է: Տղերք, մի արեք, Վովա Գասպարյան, գնդապետ Օսիպյան, չանեք, խնդրում եմ», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա կոչ է արել բոլորին տանը նստելու փոխարեն գալ Ազատության հրապարակ. «Տանը նստելով՝ մի սպասեք, որ Րաֆֆին ինչ-որ բան կանի, Րաֆֆին չի անի»:

Ընդդիմության առաջնորդը մարդկանց հավատացրել է, որ երբեք հուսախաբ չի անելու:

«Ես երբեք ձես չեմ լքելու: Մենք միասին կկանգնեք մինչև հաղթանակ, մինչև իմ վերջին շունչը ես ձեզ կմնամ հավատարիմ: Պայքարս կտամ, արյունքս կտամ: Դուք իմ երազանքի ժողովուրդն եք, նաև մեր փոքրամասնությունները, որոնք պայքար են տվել մեր պետության համար: Ձեզ հուսախաբ չեմ անելու: Մինչև արդարության զանգը չհնչի, մինչև բոլորս միասին աշխատանք ունենաք, կենսաթոշակ, աշխատավարձ: Դա իմ պարտականությունն է: Այս պայքարը պիտի տանենք: Աղետի գոտի չի լինելու մեր հայրենիքը», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

12.25 Ժ.12.25-ին Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության առաջնորդ, ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունը: Լեփ-լեցուն Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը երգեց  Հայաստանի օրհներգը, որից հետո հավաքվածները սկսեցին վանկարկել «Րաֆֆի, նախագահ», «Հիմա, հիմա»: