Երեկ Ոստիկանության տարբեր բաժիններ տարված ակտիվիստների գործերով կազմվել են արձանագրություններ, որոնց համաձայն նրանց դեմ պետք է կիրառվի վարչական տույժ՝ 50.000 դրամի չափով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ակտիվիստներին իրավաբանական օգնություն ցուցաբերող փաստաբան Անի Թորոսյանը:
Նրա խոսքով՝ արձանագրություններում տույժի հիմնավորման մեջ նշված է եղել ֆորմալ ձևակերպում այն մասին, թե ակտիվիստները խախտել են օրենք, մասնավորապես, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը: Անի Թորոսյանը ասել է, որ ոչ մի արձանագրության մեջ մատնանշված չի եղել, թե կոնկրետ ինչ քայլի համար են ակտիվիստներին բերման ենթարկել. այդ փասատթուղթը պարունակել է միայն վարչական իրավախախտումների մասին օրենքից մեջբերումներ, մինչդեռ, փաստաբանի խոսքով, արձանագրության մեջ պետք է պարտադիր նշված լինի կոնկրետ արարքը:
Երեկ ոստիկանության բաժնում ակտիվիստները հրաժարվել են ստորագրել արձանագրությունները, իսկ նրանցից մեկը՝ Կարեն Հարությունյանը, պահանջել է արձանագրությունը, որը նրան խոստացել են տրամադրել 5-օրյա ժամկետում: Արձանագրությունները ստանալուց հետո՝ ակտիվիստներ կարող են բողոքարկել դրանք:
Հիշեցնենք, որ ակտիվիստներին ոստիկանություն էին տարել երեկ. նրանց մի մասին բերման էին ենթարկել Ազատության հրապարակի մերձակայքից, մյուս մասին՝ ԱԺ-ի մոտից՝ քաղաքացիական ակցիայի ժամանակ: