Նախագահի երդմնակալության օրը պետք է տոն դառնար, ինչը չենք տեսնում, փոխարենը տեսնում ենք երկու երդմնակալաության արարողություն. մեկը՝ Ազատության հրապարակում, մյուսը՝ մարզահամերգային համալիրում: Երեկ Epress.am-ի հետ զրույցում, խոսելով Սերժ Սարգսյանի երդմնակության օրը մայրաքաղաքում տիրող իրավիճակի մասին, նման կարծիք է հայտնել Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:
«Մարդկանց հրապարակ են բերում անցած ընտրությունների կեղծիքներն ու անօրինականությունները: Մեր երկրում ընտրություններ կեղծելը, կարծես, ավանդույթ է դարձել, իսկ ես դա բազմիցս եմ ասել՝ բացառությամբ առաջին նախագահական և 1998 թվականի խորհրդարանական ընտրությունների», – նշել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ խնդիրն այն չէ, որ ընդդիմադիր թեկնածուները չեն ընդունում իրենց, չակերտավոր ասած, պարտությունը, այլ հասարակությունն ինքը չի համակերպվում կեղծիքների հետ ու իր բողոքի ձայնն է բարձրացնում:
«Պետք է վերջ դրվի այս ավանդույթին: Երկրին պետք են որակական փոփոխություններ՝ անցկացնել նորմալ ժողովրդավարան ընտրություններ: Սա ժողովրդավարական հասարակարգի կառուցման անկյունաքարն է, ու պետք է սկսել սրանից», – եզրափակել է Դեմիրճյանը: