Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանի մոտ ցանկություն արթնանա կատարել երեկ երդմնակալությանը հնչեցրած խոստումները ժողովրդավարության մակարդակը բարձրացնելու և տնտեսական աճ ապահովելու մասին, ապա դա անել նա չի կարող, քանի որ իշխանության է եկել դրանց համար անհրաժեշտ առաջին պայմանը՝ սահմանադրական կարգը խախտելու միջոցով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է հրապարակախոս, թատերագետ Արա Նեդոլյանը:
«Ռոբերտ Քոչարյանի դեպքում քիչ թե շատ տնտեսական աճ ապահովվեց ունեցած բնական և պատմական ռեսուրսների չարաշահման հաշվին, հիմա դա անել հնարավոր չէ, մնում է Սևանը վաճառեն, այլ ռեսուրսներ չկան: Տնտեսական աճ կարող է լինել, եթե կա տնտեսական դեմոկրատիա, ինչի համար անհրաժեշտ է մանր ու միջին բիզնեսի գոյությունը, ինչի համար պետք է չլինեն օլիգարխներ: Այսինքն՝ չի կարող լինել ժողովրդավարություն, տնտեսական աճ, եթե չի գործում սահմանադրական կարգը»,- ասել է Արա Նեդոլյանը:
Անդրադառնալով երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը՝ Նեդոլյանն ասել է, որ Հովհաննիսյանը գոնե ֆորմալ առումով արեց այն, ինչ պետք է աներ. ինչ-որ ինագուրացիա եղավ, ինչ-որ բողոքի գործողություններ եղան, որոնց պատճառը ևս Հովհաննիսյանն էր: Ըստ հրապարակախոսի՝ այլ հարց է այն, թե ինչպես այդ ամենը արվեց:
«Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ էլ թողնում է երկընտրանք: Րաֆֆիին ճանաչում ենք 20 տարի, նա չի ընկնում փակուղիների մեջ: Այս անգամ, սակայն, փակուղուց խուսափելը շատ անփույթ տպավորություն թողեց: Հիասթափվելը երևի ճիշտ չի լինի այս դեպքում: Նա շարունակում է գործել»,- ասել է Նեդոլյանը:
Թատերագետը հույս է հայտել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դասեր կքաղի երեկվա իրադարձություններից և կհասկանա, որ ժողովրդի կարծիքը արհամարհել չի կարելի:
Նեդոլյանը նկատի է ունեցել երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի ստեղծագործ, չկանխատեսված քայլերը, մասնավորապես, մարդկանց Ծիծեռնակաբերդ տանելու նախաձեռնությունը:
«Արդեն գիտենք, որ հիասթափվելը, էմոցիոնալ արձագանքելը ամեն ինչին արդյունք չեն տալիս: Լևոնին չսատարելով՝ ստացանք Րաֆֆիին, Րաֆֆիին թողնելով՝ կարող ենք ստանալ ավելի ոչ հստակ մի դեմքի: Այսինքն՝ պետք չէ առաջնորդվել ռեստորանային սկզբունքով, թե սա լավը չէ, ինձ ուրիշ ուտեստ բերեք»,- ասել է Նեդոլյանը: