Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանն ազատվել է արգելանքից: Այս մասին հայտնում է ոստիկանության կայքը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ավելի վաղ ձերբակալված նրա եղբորից՝ Արայիկ Պետրոսյանի դեմքից և քթից, ինչպես նաև նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:
Հիշեցնենք, որ եղբայրները բերման էին ենթարկվել ապրիլի 4-ին, իսկ ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել է: Նրան մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):