Home / Հայաստան / Ում և որքան գումարով է Սերժ Սարգսյանը պատվիրել իր վարկանիշի բարձրացումը

Ում և որքան գումարով է Սերժ Սարգսյանը պատվիրել իր վարկանիշի բարձրացումը

Nouvelles d’Arménie ամսագիրը հետաքննական հոդված է հրապարակել՝ մի շարք բացահայտումներ անելով Հայաստանում վերջին ժամանակներում իրականացված հարցումների և այլնի մասին: Հոդվածը ցնցող բացահայտում է անում նաև Սերժ Սարգսյանի մասին. վերջինս դեռ 2006թ. ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերությանը պատվիրում է իր վարկանիշի բարձրացումը, որի համար վճարվում է ավելի քան կես միլիոն դոլար: Ուշագրավ է, որ այդ ընկերության հաճախորդների թվում են եղել Ռումինիայի բռնապետ Չաուշեսկուն, 1980-ականների արգենտինյան խունտան, Ինդոնեզիայի բռնապետ Սուհարտոն և այլք:

Հովածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Հայաստանի՝ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին նախորդած շաբաթների ընթացքում Բրյուսելում տեղակայված Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը (Eufoa) երկու հարցում հրապարակեց, ըստ որոնց՝ Սերժ Սարգսյանը մեծ առավելությամբ պետք է հաղթեր ընտրություններում, որոնք կոչվելու էին ազատ և ժողովրդավարական: Սակայն ավելի մոտիկից նայելու դեպքում պարզվում է, որ այս կազմակերպությունը, որը 2011թ. ունեցել է 314,116 եվրո բյուջե, իրականում ղեկավարվում է ամերիկյան մեծ փիար ընկերության՝ Burson-Marsteller-ի նախկին աշխատակցի կողմից: Այս «կազմակերպության» աշխատանքի արդարակեցության վերաբերյալ առավել մտահոգիչն այն է, որ ԱՄՆ-ում Burson-Marsteller-ը անմիջականորեն աշխատել է Սերժ Սարգսյանի փիարի համար 2006-2007 թթ.: Եկե՛ք ավելի մոտիկից նայենք մի բանի, որից պետական սկանդալի հոտ է գալիս: Այնպիսի ընկերական անուն, ինչպիսին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ն է, ապրիորի կարող է միմիայն վստահություն ներշնչել: Սակայն մի շարք հանգամանքների դիտարկումը հուշում է զգուշավոր լինել:

Ի՞նչ է անում այս կազմակերպությունը

Eufoa-ի վեբկայքի ֆրանսիական տարբերակի գլխավոր էջում կարդում ենք. «Մենք ակտիվ աշխատում ենք` կապ հաստատելու բոլոր կողմերի «որոշում ընդունողների» հետ և նրանց տեղեկացնում ենք եվրոպա-հայկական հարաբերություններում առկա մարտահրավերների և հաջողությունների մասին: Այս վեբկայքի նպատակն է փաստաթղթեր ներկայացնել մեր աշխատանքի վերաբերյալ, ինչպես նաև՝ տեղեկատվություն եվրոպա-հայկական հարաբերությունների էվոլյուցիայի մասին»:

Ընդգրկուն ծրագիր: Բայց ավելի կոնկրե՞տ: Eufoa-ն տեղակայաված է Բրյուսելում և իր բյուջեի ու ռեսուրսների մեծ մասը ծախսում է սոցհարցումներ իրականացնող TNS Opinion ինստիտուտին նախընտրական հարցումներ պատվիրելով: Հայաստանի նախագահական վերջին ընտրությունների համար Eufoa-ն երկու հարցում էր պատվիրել, որոնք նրա կայքի ֆրանսիական տարբերակում ներկայացված են հետևյալ կերպ. «25-ը հունվարի, 2013թ. – հայաստանցիները ընտրություններին շատ լուրջ են վերաբերվում՝ չնայած գործող նախագահի ակնհայտ առավելությանը», «9-ը փետրվարի, 2013թ. – ընտրապայքարի վերջնափուլում ընտրողները ավելի վստահ են ընտրությունների հարցում: Հովհաննիսյանը առաջ է շարժվում, բայց Սարգսյանը դեռևս առաջատար է և ըստ ամենայնի՝ կհաղթի առաջին փուլում»: Որպես ամփոփում՝ ընտրությունները ազնիվ են, և Սերժ Սարգսյանը առաջին իսկ փուլում հաղթելու ճանապարհի վրա է: Այս տպավորությունը միայն ամրապնդվում է Eufoa-ի զեկույցներն ու հարցումները կարդալիս, իսկ հարցումը ակնհայտորեն լավ ներկայացված է գույնզգույն և բազմաթիվ դիագրամներով, որոնցից մարդու գլուխ է պտտվում: Իսկ կասկածամիտ ընթերցողներին նրանք կրկին կվստահեցնեն՝ կարդալով առաջին գլուխը, որը խելացիորեն վերնագրված է «Հարցման մեթոդոլոգիան և որակի ճշգրտումը»: Այլ կերպ ասած՝ կարդացե՛ք ու հավատացե՛ք:

Ովքե՞ր են Eufoa-ի հիմնադիրները

«Բելգիայի ակտերի պաշտոնական հանդես/տեղեկագրում» հրապարակված Eufoa-ի կանոնադրության համաձայն, որը հասանելի է առցանց, Eufoa-ն շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպության կարգավիճակ ունի: Eufoa-ի չորս հիմնադիրներն են Պարույր Ամիրջանյանը, Թևան Պողոսյանը, Ռոբերտա Բոնացին և Մայքլ Քամբեկը: Առաջին երկուսը Հայաստանի քաղաքացիներ են և ապրում են Հայաստանում: Պարույր Ամիրջանյանը հետազոտական կենտրոնի աշխատակից է, որը կոչվում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ICHD): ICHD-ն կարծես լուրջ ֆինանսական միջոցներ ունի և առնվազն տասը տարի զբաղված է եղել «հայ-թուրքական մերձեցմամբ»: Ինչ վերաբերում է Թևան Պողոսյանին, նա եղել է ICHD-ի գործադիր տնօրենը 2000-2012 թթ., ինչպես նաև Հայաստանի ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրենը՝ 2001-2012 թթ., կազմակերպություն, որը  հանդես է գալիս Հայաստան-ՆԱՏՕ մերձեցման օգտին: Հարկ է նշել, որ Թևան Պողոսյանը խորհրդարանի պատգամավոր է Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունից և այլևս Eufoa-ի ադմինիստրատիվ մարմնում չէ: Ռոբերտա Բոնացին Իտալիայի քաղաքացի է, որն ապրում է Բրյուսելում: Նա ղեկավարում է «Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը», Բելգիայի օրենքներով ստեղծված մի կազմակերպություն, որը սերտ կապեր ունի ամերիկյան նեոպահպանողական շրջանակների հետ, որոնց սիրելի թեմաներն են պայքարը Իրանի միջուկային գործունեության, «իսլամական ահաբեկչության», Հեզբոլլահի, Համասի և այլոց դեմ: Այս երեք անձինք ենթադրաբար գործնական ազդեցություն չունեն Eufoa-ի գործողությունների վրա՝ հաշվի առնելով, որ նրանցից երկուսն անգամ չեն ապրում Բրյուսելում: Eufoa-ի հիմնադիր չորրորդ անդամը՝ Մայքլ Քամբեկն է, որը, ինչպես երևում է, միայնակ է ղեկին: Նա գլխավոր քարտուղար և ադմինիստրատոր է մի հաստատությունում, որ նա կոչում է հասարակական կազմակերպություն: Eufoa-ի հիմնադրման օրը՝ 2008թ. դեկտեմբերի 18-ին, Մայքլ Քամբեկը նոտարական գրասենյակում փաստացի միակ ներկան է եղել և մյուս երեքից լիազորագրեր է ստացած եղել:

Ո՞վ է Մայքլ Քամբեկը և ո՞վ է ֆինանսավորում նրա կազմակերպությունը

Eufoa-ի վաղ օրերի Մայքլ Քամբեկի պատմությունը կասկած է հարուցում նրա գործողությունների իրական նպատակի մասին: Ահա «Հետք» պարբերականում 2013թ. փետրվարի 9-ին նրա հարցազրույցից մի հատված. «Ես Հայաստանում էի: Հանդիպում էի միշարք կազմակերպությունների, մարդկանց, ովքեր ներկայացնում էին Հայաստանը Եվրոպայում: Նրանք դժգոհում էին, թե Եվրոպան չի հասկանում Հայասատանին, այնտեղ նույնիսկ չգիտեն, թե որտեղ է Հայաստանը քարտեզի վրա և նույնիսկ Հայաստանը խառնում են Ալբանիայի հետ: Ես շատ եվրոպամետ մարդ եմ: Նրանց ասում էի՝ դուք շատ ընկերներ ունեք Եվրոպայում, որոնքոր կազմակերպված չեն, և դուք իրար չեք ճանաչում: Այսինքն՝  երկու կողմերը միմյանց չգիտեն:Ասացի, որ այս խնդիրը լուծելու համար ես կստեղծեի մի կազմակերպություն, որը կհավաքերՀայատանի ընկերներին, որոնք Եվրոպայում են և եվրոպացի են: Եվ կաջակցեի Հայաստանըսիրելու, Հայաստանի ընկերը լինելու նրանց հոբբիին, որպեսզի նրանք խոսեն Հայատանիհամար, պաշտպանեն Հայաստանը: Այսինքն՝ գաղափարդ իրագործելու համար կազմակերպի՛րընկերներիդ: […] Ինձ համար Eufoa-ի հիմնադրումն անկասկած մի ծրագիր էր, որի մասին ես նախկինում մտածում էի, քանի որ աշխատում էի մեծ ընկերությունում, կայուն պաշտոն ու մի երեխա ունեի: Բայց ես արդեն իսկ շատ սիրում էի Հայաստանը, և ինձ համար հայաստանյան հարցերի շուրջ աշխատելը բացառապես երազանքի նման մի բան էր, և ես նրանց ասացի այն, ինչ հիմա ասացի ձեզ»: Եթե ճիշտ ենք հասկանում մեր Բարի սամարացուն, նա Հայաստան էր այցելում որպես զբոսաշրջիկ և հանկարծ հանդիպեց գործարարների, որոնք այնքան անհանգստացած էին այն հանգամանքով, որ որոշ մարդիկ Հայաստանը շփոթում են Ալբանիայի հետ, որ պատրաստ էին մեծ գումար հատկացնել մի ՀԿ-ի, որի նպատակն էր լինելու շտկել աշխարհագրական այսպիսի տարընթերցումները: Եվ այսպիսով նա որոշում է թողնել իր աշխատանքը և ստեղծել այս ՀԿ-ն, որովհետև սիրահարված էր Հայաստանին: Հարցազրույցի այս հատվածը, ինչպես նաև նրա պատմածի մնացած մասը, այնուամենայնիվ մեկ հարց անպատասխան է թողնում՝ ով և ինչքան է վճարում: Միակ բանը, որ Մայքլ Քամբեկը համաձայնում է ասել, այն է, որ ֆինանսավորումը հիմնականում գալիս է Հայաստանից, և որ բարեգութ նվիրատուները «քաղաքականապես ակտիվ չեն և որևէ կուսակցության չեն պատկանում»: Այլ կերպ ասած՝ նրանք անձնուրաց են այնքան, որքան Eufoa-ի հարցումներն անկողմնակալ են:

Բյուջե՝ 314,115 եվրո

Այնուամենայնիվ, այս կազմակերպության ֆինանսական միջոցների մասին մեկ էլեմենտ տրամադրում է ԵՄ «Թափանցիկության ռեգիստրը», որտեղ ցուցակված են ոչ պետական այն կազմակերպությունները (ՀԿ-ներ, սինդիկատներ և այլն), որոնք հարաբերություններ ունեն եվրոպական ինստիտուտների հետ: 2011թ. Eufoa-ի գլոբալ բյուջեն կազմել է 314,115 եվրո և հավանաբար ավելի մեծ է եղել, քան 2012թ.՝ հաշվի առնելով այն հարցումները, որ կազմակերպությունը պատվիրել էր և վճարել էր այդ տարվա ընթացքում: Սակայն Մայքլ Քամբեկը ԵՄ «Թափանցիկության ռեգիստրում» 2012թ. բյուջեի մասով որևէ բան չի նշում: Ինչպիսի˜ ձախողում: Ֆինանսական մասը մի կողմ, մեկ այլ բան կա, որ Մայքլ Քամբեկը զգուշավոր է և չի նշում «Հետք»-ին տված իր հարցազրույցում: Դա նրա աշխատանքային գործունեությունն է 2009-ից առաջ՝ մինչև Eufoa-ի համար աշխատելը: Նա երկու անգամ նշում է, որ աշխատել է «մեծ ընկերությունում», սակայն չի մանրամասնում: Նմանապես, Eufoa-ի վեբկայքը կենսագրական տվյալներ չի հաղորդում: Բայցևայնպես դա իմանալը շատ հետաքրքիր է: «Մեծ ընկերություն» կոչվածը Burson-Marsteller-ն է, որտեղ Քամբեկն աշխատել է 2006-2009 թթ.։

Ինչո՞վ է զբաղվում Burson-Marsteller-ը

Burson-Marsteller-ը փիար և լոբբինգի ծառայություններ մատուցող աշխարհի խոշորագույն ընկերություններից: Еuobserver.com կայքի համաձայն՝ Burson-Marsteller-ի գրասենյակը Բրյուսելում երրորդն է այնտեղ լոբբինգ իրականացնող 143 ընկերությունների շարքում: Նրա հաճախորդները մեծ ընկերություններ ու պետություններ են, որոնք համեստորեն ասած՝ «իմիջի խնդիրներ» ունեն, և որոնք դիմում են այդ ընկերությանը, որպեսզի որոշում ընդունողների և լայն հանրության աչքին ավելի դրական երևան: Burson-Marsteller-ի հաճախորդների թվում են եղել այնպիսի ռեժիմներ, ինչպիսիք են Չաուշեսկուի ռեժիմը Ռումինիայում 1970-ականներին, արգենտինյան խունտան 1980-ականներին, Սուհարտոյի ռեժիմը Ինդոնեզիայում 1990-ականներին և Թուրքիայի ռեժիմը 1996թ.: Նրա հաճախորդների թվում են նաև «ոչ այնքան բնապահպանասեր» ընկերություններ, ինչպես օրինակ՝ Union Carbide-ն, որը Burson-Marsteller-ին դիմել էր 1984թ. Բհոփալի աղետից հետո, կամ նույնիսկ Altria-ն (որն ավելի լավ հայտնի է որպես Philip Morris), որի համար Burson-Marsteller-ն աշխատում էր, որպեսզի կանխի հակածխախոտային օրենքների ընդունումը:

Կապեր Burson-Marsteller-ի, Քամբեկի և Սերժ Սարգսյանի միջև՞

Մեկ փաստաթուղթ կա, որը պարզորոշ ցույց է տալիս, որ Burson-Marsteller-ն աշխատել է Սերժ Սարգսյանի համար: Այդ փաստաթուղը հասանելի է առցանց ՝ ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում, որտեղ հատուկ նշվում է այն մարդկանց գործունեության մասին, որոնք ամերիկյան հողի վրա աշխատում են ոչ ամերիկյան հաստատությունների (ընկերությունների և պետությունների) համար: Այդ փաստաթուղթը բաղկացած է երկու պարտավորագրերից, որոնք թվագրված են 2006թ. սեպտեմբերի 26-ով և հոկտեմբերի 23-ով: Այս պարտավորագրերի երկու ստորագրող կողմերն են մի կողմից Burson-Marsteller-ը, մյուս կողմից՝ Ստեփան Մարտիրոսյանը՝ Գլենդեյլում հաստատված Հայաստանի քաղաքացի: Հոկտեմբերի 23-ով թվագրված պարտավորագրում նշված է, որ Burson-Marsteller-ը կոմունիկացիոն գործողություններ է կատարելու, որոնց նպատակն է լինելու «Հայաստանը դիրքավորել որպես հուսալի և կայուն երկիր դիվանագիտական գործընկերների և օտարերկրյա ներդրողների համար», ինչպես նաև, որն ավելի կարևոր է, «կյանքի կոչել երկարաժամկետ ծրագիր, որի նպատակը կլինի նախարար Սարգսյանի (Սերժ Սարգսյանն այդ ժամանակ պաշտպանության նախարարն էր) համար լավ վարկանիշ ստեղծելը»: Այդ ծառայությունների համար գանձվում էր ամսական 65 000 դոլար: Ավելին, ծրագրի իրականացման համար երեք հոգուց բաղկացած թիմերի երկու-երեք օր տևող այցերը գնահատվում են օրական 50 000 դոլար՝ չհաշված ճամփորդական և հյուրանոցային ծախսերը: Սեպտեմբերի 26-ի պարտավորագիրն ընդգծում է, որ առաջին այցը Հայաստան տեղի է ունենալու արդեն 2006թ. հոկտեմբերին: Պատվիրակության կազմում կլինեն Burson-Marsteller-ի երեք անդամներ, ինչպես նաև Burson-Marsteller-ի հետ փոխկապված փիար ծառայություններ մատուցող Prime Policy Group ընկերության ղեկավար Չառլի Բլեքը: Այս այցերի համար գանձվել է 80 000 դոլար, գումարած ճամփորդական ծախսերը (բիզնես կլասով), հյուրանոցը և այլն: Սեպտեմբերի 26-ի պարտավորագիրը վավերական է յոթ ամսով (2006թ. նոյեմբերի 1-ից մինչև 2007թ. մայիսի 31-ը), մինիմալ արժեքը, այսինքն՝ չհաշված չնախատեսված այցերն ու դրանց համար համապատասխան ծախսերը, հասնում է 535 000 դոլարի: Պաշտոնապես Ստեփան Մարտիրոսյանը պետք է վճարեր այդ ծառայության համար: Իսկ թե ինչպես և ինչու, այս պատմությունը ոչինչ չի ասում…

Չառլի Բլեք

 

Եթե Սերժ Սարգսյանի օգտին Burson-Marsteller-ի գործունեությունը հավաստող այլ փաստաթղթեր 2007-ից հետո չգտնվեն, հարկ է նշել, որ կա 2012թ. սեպտեմբերի 17-ին ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի խոսքի տեսագրությունը, որտեղ նա Հանրապետական կուսակցության գլխավոր դոնորների հետ մի ճաշի ժամանակ ասում է. «Ես արտակարգ փորձառու, շատ հաջողակ խորհրդատուների հրաշալի թիմ ունեմ, մի քանի հոգի, որոնք ընտրարշավներ են կազմակերպել աշխարհով մեկ: Ես դա չէի հասկացել: ԱՄՆ-ից այս տղաները – նրանք Կառլ Ռովին համարժեք են – ընտրարշավներ են անում ամբողջ աշխարհում՝ Հայաստանում, Աֆրիկայում, Իսրայելում : Չառլի Բլեքը՝ քաղաքական փիարի ամերիկյան գուրուն, այդ ժամանակ աշխատում էր Միթ Ռոմնիի համար, և նա արդեն եղել էր Հայաստանում 2006թ. հոկտեմբերին: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Չառլի Բլեքը 2012թ. դեռ աշխատում էր Սերժ Սարգսյանի համար: Burson-Marsteller-ի, Սերժ Սարգսյանի և Մայքլ Քամբեկի միջև կապի այս խճախաղի վերջին դետալը տրամադրում է Բրյուսելում տեղակայված  Corporate Europe Observatory հետազոտական կենտրոնը, որը հետևում է լոբբիստական գործունեություններին: Նրա՝ 2010թ. զեկույցում, որը վերնագրված է «Կառավարությունների համար լոբբինգ Բրյուսելում.յուղալի բիզնեսը ռադարի ծիրում», տասնհինգ երկրների տասնահինգ լոբբիների հաշվետվություն է ներկայացվում: Հայաստանի մասով զեկույցը, թեև առանց ապացույցի, նշում է. «2008թ. Հայաստանի հանրապետական կուսակցությունը Բրյուսելում վարձել էր Burson-Marsteller-ին՝ ԵՄ ինստիտուտներում լոբբինգ անելու համար»:

Ամփոփում և եզրահանգում

Նախ, Մայքլ Քամբեկը 2006-2009 թթ. աշխատել է Burson-Marsteller-ի բրյուսելյան գրասենյակում որպես լրատվամիջոցների հետ կապերի բաժնի տնօրեն: Ավելին, Burson-Marsteller-ն աշխատել է Սերժ Սարգսյանի համար 2006թ. նոյեմբերի 1-ից մինչև 2007թ. մայիսի 31-ը, և շատ հանգամանքներից կարելի է ենթադրել, որ այդ աշխատանքը շարունակվել է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Բրյուսելում: Հետևապես հարցադրումն այստեղ պարզ է՝ արդյոք Մայքլ Քամբեկն աշխատե՞լ է Սերժ Սարգսյանի և/կամ Հանրապետական կուսակցություն համար 2006 և 2009 թթ. միջև ժամանակահատվածում: Երկրորդ, նույն հարցադրումը վերաբերում է 2009-ից մինչ այսօր ընկած ժամանակաշրջանին, որի ընթացքում Քամբեկը եղել է Eufoa-ի գլխավոր քարտուղարը, սակայն այս դեպքում Քամբեկը մեզ հանգամանքներ է տալիս պատասխանելու դրան: Սակայն եկե՛ք նախ ընդգծենք, որ Eufoa-ի՝ 2013թ. հունվարի 25-ի և 2013թ. փետրվարի 9-ի հրապարակած երկու հարցումների արդյունքում Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել ցանկացողների թիվը 10%-ով նվազում է՝ 68.6%-ից մինչև 58%: «Հետք»-ի հետ հարցազրույցում Քամբեկն ասում է. «Չեմ կարծում, որ դուք կհավատաք, որ Սերժ Սարգսյանը կվճարի մի հարցման համար, որտեղ նա 10% քվե է կորցնում»: Իհարկե՝ ոչ, պարոն Քամբե˜կ: Իսկ եթե նայենք, որ հարցումը նրա հաղթանակն էր ցույց տալիս առաջին իսկ փուլում, ապա ինչո՞ւ ոչ: Ուրիշ Gallup Բացի TNS Opinion-ին Eufoa-ի պատվիրած հարցումներից, նախագահական ընտրարշավի ժամանակ մեկ այլ հարցում իրականացնող կար, որին շատերը սխալ կերպով կոչում են Gallup: Իրականում երկու ընկերությունների միջև Gallup անվան մտավոր սեփականության շուրջ իրավական պայքար կա: Միջազգայնորեն ճանաչվածը Gallup Inc.-ն է, որի վեբկայքն է www.gallup.com : Ուրիշ Gallup-ը, որն անուղղակիորեն մասնակցել է Հայաստանում հարցումների մշակմանը, Gallup International Association-ն է: Այն շատ հեռու է Gallup Inc.-ի վստահելիությունը վայելելուց, և նրա իրականացրած որոշ հարցումներ շատ հեշտությամբ տալիս են այդ հարցի պատասխանը: Այդ հարցումներից մեկի համաձայն, որ իրականացվել է 2011թ. փետրվարին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի համար 90% քվե էր երաշխավորվում, երբ այդ մարդը 1990-ից ի վեր ինքնակալ ղեկավարել է երկիրը, և Ղազախստանը 2011թ. ժողովրդավարության ցուցանիշներով 167 երկրների շարքում 137-րդն էր: Ինչ վերաբերում է Հայաստանի դեպքին, ապա այստեղ հարցումն իրականացրել է հարցման հայկական օրգանիզմը՝ MPG LLC Armenia-ն, որը Մարկետինգի հայկական ասոցիացիայի դուստրն է, իսկ վերջինը՝ Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցիչը:   Թարգմանությունը՝ ՍիվիլՆեթի

Թարգմանությունը՝ Civilnet.am-ի