Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հանդիպել է Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ, որոնք հանդիպումից առաջ ցուցումներ են ստացել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ հանդիպման մասնակից Սարի թաղի բնակիչների պատասխանատուները բացատրել են, թե ինչպես պետք է դիմավորել Տարոն Մարգարյանին:
«Մարդկանց ստիպել են Մարգարյանի գալուն պես բուռն ծափահարել և բաժանված դեղին փուչիկները թափահարել: Մինչև հանդիպումն անգամ փորձ են արել: Իսկ երբ Մարգարյանն ավարտել է «տոնական մթնոլորտի» ելույթը, հավաքվածները «հարձակվել» են քաղաքապետի վրա ու բողոքել իրենց փողոցների քնդված վիճակից, տրանսպորտից և լուսավորությունից: Մարգարյանն էլ բոլորին ժպտացել է, և խոստացել է «ավելի լավ Երևան» կառուցել», – գրում է թերթը: