Երեկ ՀՀ ոստիկանությունը համացանցում մի տեսանյութ էր տարածել, որտեղ Երևանի ավագանու ընտրություններին «Բարև, Երևան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը ոչ միայն հայհոյում էր, այլև հարվածում մի կարմիրբերետավորի, որից հետո նրան գետնին են տապալում: Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է, որ ինքը չի եղել առաջին հարվածողը:
«Միայն իմ հարվածի պա՞հն են ցույց տալիս: Բա որ մայրիկիս խփում է, ես պետք է ոստիկանին ծա՞փ տայի, որ իր լիազորություններն անցել է, տատիկի ու թոռան դեմ կանգնած տղուն հարվածում է, դա ի՞նչ է: Այդ հագուստը, որ հագնում են, նշանակում է՝ կարելի է ամեն ինչ անե՞լ: Ի՞նչ իրավունք ունի ոստկանը կնոջը խփել, այն էլ՝ երեխու ձեռքը բռնած: Ենթադրենք՝ իմ մայրը չէ, ուրիշ կին է, ի՛նչ իրավունք ունի», ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 9-ին: Արմեն Մարտիրոսյանն ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ ոստիկանների արածը պարզագույն բռնություն էր:
«Շակալների բռնություն էր, երբ ոստիկանները ոհմակով հարձակվում են իրենց զոհի վրա, բայց, բարեբախտաբար, ես այդքան էլ զոհի կարգավիճակում չեմ կարող լինել: Ի դեպ, ծնկով քթիս հարվածողը իրեն բերետավորի տեղ դրած անձնավորություն էր, ով բերետից շատ հեռու է: Ավելացնեմ նաև, որ ծնկով հարվածը ամենաուժեղն է», – ասել է Մարտիրոսյանը, ով ռենտգեն հետազոտությունից հետո պարզել է, որ քթի կոտրվածք չունի:
«Ոստիկաններն այնքան չեն կարողանում սնվել իրենց նվազ աշխատավարձով, սպիտակուց օգտագործել, որ ծնկով մի քանի անգամ հարվածում են քաղաքացու քթին ու չեն կարողանում ջարդել», – ասել էր Մարտիրոսյանը:
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ միջադեպի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի