Home / Տեսանյութեր / Արթուր Բաղդասարյանը և մարդու իրավունքները. նորաստեղծ հանձնաժողովի մասին

Արթուր Բաղդասարյանը և մարդու իրավունքները. նորաստեղծ հանձնաժողովի մասին

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի նշանակումը «մառազմ» է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հելսինկյան ասոցիացիա» կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանը:

Նրա խոսքով՝ ազգային անվտանգությունը և մարդու իրավունքները միմյանց հետ կապ չունեցող ոլորտներ են, և դրանցով չի կարող զբաղվել միևնույն մարդը:

«Այդ դեպքում ես առաջարկում եմ հանձնաժողովի տեղակալի պաշտոնում նշանակել Աղվան Հովսեփյանին, իսկ ինձ նշանակել չինարեն լեզվի հանձնաժողովի նախագահ»,- Epress.am-ին ասել է իրավապաշտպանը:

Միքայել Դանիելյան

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, հակառակը, համարում է, որ Հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի նշանակումը արդարացված է, քանի որ մարդու իրավունքներն ազգային անվտանգության հիմնասյուներից մեկը պետք է լինեն:

«Այլ հարց է այն, որ այս պահին այդ պաշտոնը զբաղեցնում է Արթուր Բաղդասարյանը», – Epress.am-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպանը:

Արթուր Սաքունցի խոսքով՝ նման հանձնաժողով ստեղծելու մասին Սերժ Սարգսյանի կարգադրութունը և մինչ այսօր այն կյանքի կոչելու փուլերը մի շարք մտահոգություններ են առաջացնում, քանի որ դրանով սահմանափակվում է ՀԿ-ների մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին: Այնուամենայնիվ, ըստ իրավապաշտպանի, առայժմ դժվար է ասել, թե որքանով արդյունավետ կլինի հանձնաժողովի աշխատանքը:

Սաքունցը պարզաբանել է, որ մտահոգիչ է, մասնավորապես, այն, որ հաշվի չեն առնվել ՀԿ-ների այն առաջարկները, որոնք վերջիններս ցանկանում էին ամրագրել մարդու իրավունքների հայեցակարգում. փոխարենը՝ ՀԿ-ներին առաջարկվել է իրենց մոտեցումները ներկայացնել հետագայում կազմված գործողությունների պլանում:

Արթուր Սաքունց (լուսանկարը՝ Facebook-ի էջից)

Իրավապաշտպանի խոսքով՝ Սարգսյանի կարգադրության համաձայն՝  Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովում ներգրավվելու են միայն 5 ՀԿ-ների ներկայացուցիչներ, այն էլ՝ նրանք ընտրվելու են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:

Սաքունցը սխալ է համարում այն, որ նախագահը կարգադրություն է տալիս անկախ մարմին ՄԻՊ-ին: Ըստ Սաքունցի՝ 5 ՀԿ-ների ընտրությունը պետք է կատարվի ՀԿ-ների ինքնակազմակերպման միջոցով: