Ազգային Ժողովում Մարտի 1-ի հարցերով հանձնաժողովի ստեղծմանը որոշ պատգամավորների դեմ արտահայտվելը հետևանքն է այն բանի, որ հանձնաժողովի ստեղծումը անհանգստացնում է իրավապահ մարմիններին, և այդ անհանգստությունը կամա թե ակամա տեղափոխվում է ԱԺ դահլիճ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Հանձնաժողովի նախագիծը հեղինակել են ՀԱԿ խմբակցության անդամները, այն երեկ ԱԺ-ում ներկայացրել է Գագիկ Ջհանգիրյանը, իսկ պատգամավորների մեծ մասը կարծիք է հայտնել, որ ԱԺ հանձնաժողովը այն մարմինը չէ, որը պետք է զբաղվի Մարտի 1-ով:
Ջհանգիրյանն ասել է, որ իրենք պատրաստ չեն գնալ սկզբունքային հարցերում զիջումների, եթե դրանք պարտադիր լինեն հանձնաժողովի ստեղծման օգտին քվեարկելու համար:
«Ամենաշատը մտահոգություններ հնչեցին քննիչներին և դատախազներին ԱԺ հրավիրելու հարցի շուրջ: Սակայն այդ հարցում զիջումների չենք կարող գնալ, քանի որ եթե չենք հրավիրելու քննիչների, դատախազների, ոստիկանների, ապա անիմաստ կլինի հանձնաժողով ստեղծել»,- ասել է Ջհանգիրյանը:
Նրա խոսքով՝ մինչ այժմ հավաքված փաստերը բազում հարցեր են առաջացրել, որոնց պատասխանը չի տրվել: Օրինակ, 7 մահացածների մարմնից հանվել են գնդակներ, որոնց թվում նաև ինքնաձիգի գնդակներ, սակայն, ըստ Հատուկ քննչական ծառայության, ինքնաձիգեր իրենց կողմից այդ օրը չեն գործածվել, ինչը, պատգամավորի խոսքով, ենթադրում է, որ մարտի մեկին գործել են նաև այլ ստորաբաժանումներ:
Ջհանգիրյանի խոսքով՝ պետք է բացահայտել նաև Մաշտոցի Պողոտա-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկում և Ազատության հրապարակում հանցագործության հետքերը մաքրելու համար ջրցան մեքենաների գործածման փաստը և այն, թե քաղաքապետարանի որ աշխատակիցը և ինչու է դա անելու հրաման տվել:
Հիշեցնենք, որ 2008 թվականին մարտի 1-ի վաղը առավոտյան ոստիկանության զորքերը ջախջախեց 10 օր Ազատության հրապարակում խաղաղ հանրահավաքներ անցկացնող ընդդիմության վրանային ավանը: Ոստիկանական ուժերի հարձակումը սկսվեց մինչև 07:00-ն, իսկ Ազատության հրապարակից դուրս մղված մարդկանց իրավապահները դեռ երկար հետապնդում էին:
Ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ երեկոյան ոստիկանության կողմից հրազեն կիրառվեց և զոհվեց առնվազն 10 մարդ՝ Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Տիգրան Աբգարյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Համլետ Թադևոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը և Զաքար Հովհաննիսյանը: Մինչ օրս սպանությունների համար ոչ ոք չի դատապարտվել: