Մոսկվա մեկնելու նախօրյակին «Բարև, Երևան» դաշինքը հերթական շտաբի նիստ է հրավիրել, սակայն Րաֆֆին ներկաներին տեղյակ չի պահել, որ առավոտյան մեկնում է, գրել է «Հրապարակ» օրաթերթը:
Նիստին չի մասնակցել նաև «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
«Սանկտ Պետերբուրգում երբեմնի հյուպատոսը մեկնած է եղել այնտեղ` ԱԺ «գծով», սակայն մեր աղբյուրները պնդում են, որ նրա այցը կապ ունի Րաֆֆիի` Մոսկվա այցի նախապատրաստման հետ», – նշում է թերթը:
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նիստի ժամանակ բավական կոշտ խոսակցություն է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժիրայր Սեֆիլյանի միջև:
Հովհաննիսյանը դժգոհել է, որ իր կողքը մարդ կանգնած չի եղել ապրիլի 9-ի երեկոյան: Սեֆիլյանն ասել է` դու հայտարարել էիր, որ չպետք է գնայիր Բաղրամյան, ինչո՞ւ գնացիր: Ընդդիմության առաջնորդը նշել է, որ ժողովուրդն էր այդպես պահանջում:
«Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասել է, որ սրանից հետո պետք է նախօրոք ասել, թե ինչ է արվելու, որպեսզի յուրաքանչյուրն իր համար որոշի` կողմնակի՞ց է դրան, թե՞ ոչ: Նրանք նաև հարկ են համարել տեղեկացնել Րաֆֆիին, որ եթե ինքը գնում է Վովա Գասպարյանի հետ, ուրեմն իրենք ճամփա չունեն իր հետ անցնելու: Շտաբի նիստի ընթացքում խոսվել է նաև այսօրվա միտինգի մասին: Մտահոգություն է հնչել, որ հնարավոր է քիչ մարդ մասնակցի միտինգին: Չնայած Րաֆֆու մոսկովյան այցի ինտրիգը կկոմպենսացնի այդ բացը` եզրակացրել են ներկաները», – գրում է թերթը: