Home / Տեսանյութեր / ՀԱԿ պատգամավորը չի հասկանում՝ ի՞նչ է ակնկալում արևմտամետ Րաֆֆի Հովհաննիսյանը Պուտինից

ՀԱԿ պատգամավորը չի հասկանում՝ ի՞նչ է ակնկալում արևմտամետ Րաֆֆի Հովհաննիսյանը Պուտինից

ՀԱԿ պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում չէր մասնակցում ԱԺ հատուկ նիստին, որի ժամանակ տեղի էր ունենում Սերժ Սարգսյանի երդմնակալությունը. «չմասնակցել չընտրված նախագահի երդմնակալությանը»՝ խմբակցության որոշումն էր: Պատգամավորը նիստին հետևել է ու, իբրև ազգի ներկայացուցիչ, վիրավորված է, որովհետև արարողությանը ներկա պատվիրակություններում չորրորդ-հինգերորդ դեմքերով էին երկրները ներկայացված, այդ թվում նաև հարևան երկրները: Այս մասին նա ասել է «Առավոտ»-ին տված հարցազրույցում:

«Դա խոսում է մեր երկրի նկատմամբ վերաբերմունքի մասին: Նույնիսկ այն երկրները, որոնք շնորհավորել էին Սարգսյանին և ընդունել ընտրությունների օրինականությունը՝ շատ լավ իմանալով, որ դա այդպես չէ, ցույց են տալիս իրենց վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ: Եվ դա իմ երկիրը խոցելի է դարձնում: Երդմնակալության արարողությունը ցույց տվեց, որ մեր երկրի ու նրա նախագահի նկատմամբ վերաբերմունք չկա, և ակնկալել որևիցե բարեկամական վերաբերմունք «բարեկամ» ու հարևան երկրների կողմից՝ չենք կարող»,- ասել է Սարգսյանը:

Անդրադառնալով Ազատության հրապարակում տեղի ունեցած Րաֆֆի Հովհաննիսյանի այլընտրանքային երդմնակալությանը, Լյուդմիլա Սարգսյանն ասել է, որ ի սկզբանե էլ դա համարել է «անիմաստ արարողություն», որը ոչինչ չի փոխելու՝ շարժման առաջընթացի առումով. «Ավելին, եթե տեղի է ունենում Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը՝ ըմբոստ ժողովրդի համար, որն արդարության կարոտ է և փորձում է թեկուզ Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով իր ձայնը հասանելի դարձնել իշխանություններին, և Սերժ Սարգսյանի տոկոսները նկարած տոկոսներ էին, նա քայլերի հաջորդականություն, ծրագիր պետք է ներկայացներ: Բայց ի սկզբանե էլ պարզ էր, որ նման ծրագիր, քայլերի հաջորդականություն չկա, և շարժման տրամաբանությունն էլ հասկանալի չէր: Ավելի ճիշտ՝ չկար տրամաբանություն»: Այս իմաստով Սարգսյանը  բնական է համարում, որ ամեն ինչ ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց՝ Վլադիմիր Գասպարյանի հետ մոմավառությամբ, երբ հավաքված ժողովուրդը Բաղրամյան փողոցում մնաց:

ՀԱԿ պատգամավորի կարծիքով՝ այդտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց տվեց իր թուլությունը. «Նա ցույց տվեց, որ չի կարողանում առաջնորդել ժողովրդին, իրավիճակին չի տիրապետում: Ավելին, իր ցանկության դեմ և ժողովրդի տրամադրությունների ճնշման տակ երթ կազմակերպեց դեպի Բաղրամյան 26՝ այն դեպքում, որ ինքը պետք է կարողանար ուղղորդել ժողովրդին և ոչ թե ժողովուրդը՝ իրեն: Ժողովուրդը չի կարող տեսնել այն վտանգները, որոնք սպառնում են իրենց՝ Բաղրամյան 26-ի ճանապարհին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է գիտակցեր պատասխանատվության իր չափաբաժինը և հասկանար՝ արդյոք ինքն ի զորո՞ւ է կրելու այդ պատասխանատվությունը»:

Պատկերավոր համեմատություն անելով ծանրամարտիկի և ծանրաձողի հետ՝ Լյուդմիլա Սարգսյանը եզրակացրեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը վերցրեց ծանրաձող, որն ինքն ի վիճակի չէր բարձրացնելու: Արդյունքում՝ հիասթափություններ, Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական վարկանիշի անկում»:

Նա միաժամանակ նշել է, որ միայն ուրախ կլինի, եթե Րաֆֆին կարողանար դրական հանգրվանի հասցնել շարժումը ու ինքն իր կանխատեսումներում սխալված լիներ.

«Դժբախտաբար, այդ վախճանը տեսանելի էր դեռ մեկ-մեկուկես ամիս առաջ»:

Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ գնալու է Մոսկվա և Վլադիմիր Պուտինից բերի հայ ժողովրդի հաղթանակը: Երեկ Հովհաննիսյանը կնոջ և որդու հետ մեկնեց Մոսկվա: Սարգսյանը զերծ մնաց այս առիթով մեկնաբանություններ անել այնպես, ինչպես մտածում է: Միայն ասաց, որ սա Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական անիմաստ նախաձեռնությունն է. «Նախ՝ Պուտինն արդեն իսկ Մոսկվայում չէ: Եթե նույնիսկ Մոսկվայում էլ լիներ, Հովհաննիսյանին չէր հաջողվելու նրա հետ հանդիպել, քանի որ թե ՌԴ, թե արևմտյան տերությունների իշխանություններն աշխատում են գործ ունենալ առավելապես գործող իշխանությունների հետ: Ապա՝ ի՞նչ է ակնկալում Րաֆֆի Հովհաննիսյանն այդ հանդիպումից: Արդյոք մտածում է, որ Պուտինից թո՞ւղթ է բերելու, որտեղ սևով սպիտակի վրա գրված է լինելու, որ ընտրված նախագահն ինքն է: Եվ վերջապես՝ որքան ինձ հայտնի է, Հովհաննիսյանն արևմտամետ է, ինչո՞ւ է փորձում Պուտինի աջակցությունը ստանալ, եթե կա Արևմուտք, ԱՄՆ, ինքն էլ ռուսական հատվածի նկատմամբ մշտապես քննադատական վերաբերմունք է ունեցել»: Սարգսյանը համոզված է, որ ապրիլի 9-ի իրադարձությունները առավելապես բացասական հետք կթողնեն Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» գրանցելիք արդյունքների վրա: Նա նույնպես այն կարծիքին է, որ հետընտրական զարգացումներն առավելապես ուղղված էին հենց ավագանու ընտրություններին, քան վիճարկվում էր Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությունը: