Home / Հայաստան / Նոր Նորքում Տարոն Մարգարյանի հանդիպումը տապալվել է. թերթ

Նոր Նորքում Տարոն Մարգարյանի հանդիպումը տապալվել է. թերթ

Հանրապետական կուսակցությունը երեկ հերթական անգամ ոտքի էր հանել ուսուցչական կոլեկտիվներին՝ նրանց կամքին հակառակ ներքաշելով նախընտրական քարոզարշավի մեջ, «Հանդիպումը տապալվեց» հոդվածում գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Երեկ Ջրվեժ, Նոր Նորք համայնքների հերթն էր: Հանդիպումը մեկնարկել էր Ջրվեժ համայնքից: Սակայն Նոր Նորքում այն կիսատ էր մնացել անբարենպաստ եղանակի պատճառով: Նորքի 8-րդ զանգվածում ուսուցիչներին հրահանգել էին «Արծիվ» կոչվող արձանի մոտ սպասել Տարոն Մարգարյանին, սակայն տևական ժամանակ սպասելուց հետո, երբ անձրևը հորդացել էր, ուսուցիչներին տուն էին ուղարկել, ինչից րոպեներ անց ժամանել է Տարոն Մարգարյանն ու սակավաթիվ մարդկանց մոտ մի քանի նախադասություն արտասանելուց հետո հեռացել», – գրում է թերթը:

«Հրապարակ»-ը նշում է, որ նախատեսված է եղել անձրևի դեպքում հանդիպումը տեղափոխել դպրոց, սակայն հետո փոշմանել են և մի քանի րոպեում «գլխառադ են արել» քարոզարշավը: Թերթի փոխանցմամբ՝ դա մեծ ուրախություն է պատճառել մանկավարժներին, ովքեր հակառակ դեպքում պետք է ժամերով պարտադրված ունկնդրեին քաղաքապետի թեկնածուի խոստումները: