«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը բացարձակապես անընդունելի է համարում քաղաքական ուժերի բզկտվածության մասին խոսակցությունները՝ հատկապես երեք ուժերի դեպքում, որոնց հետևից այսօր գնում է ժողովուրդը: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«Նկատի ունեմ հավաքական այն ուժը, որը պայմանական անվանենք Րաֆֆի Հովհաննիսյան, այն ուժը, որը կոչվում է ՀԱԿ, այն ուժը, որը կոչվում է «Սարդարապատ»: Ժողովուրդը այսօր, եթե գնում է, գնում է այս ուժերի հետևից: Մյուսները ժողովուրդ չունեն, նրանք պարզապես ունեն ինչ-ինչ կողմնակիցներ: Այս երեք ուժերի միասնական գործուներությունը հիմա խիստ կարևոր է ժողովրդի, երկրի խնդիրները լուծելու տեսակետից», – ասել է բանախոսը:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը քաղաքական համակարգի բաղկացուցիչ մասն է, և հափշտակիչ համակարգի պայմաններում քաղաքական գործիչները երեք հիմնական շարժառիթներ ունեն:
«Առաջինը՝ դիրք, լավ է պաշտոն, երկրորդը՝ փող, հետո՝ փառք: Եթե որևէ մեկն այս գործոններից առկա է գործչի մեջ՝ նա քանդող է և հսկայական վնաս է հասցնում», -ասել է Մանուչարյանը:
Նա կարևորել է այսօր ասպարեզում հայտնված երիտասարդների դերը:
«Ֆանտաստիկ երիտասարդների ելույթներ տեսանք հրապարակում, հատկապես ուզում եմ գովել նրանց, ովքեր դասադուլ էին կազմակերպում, ու մեր իշխանավորներին էլ ասեմ՝ դուք այդ երեխաներին պետք է աչքի լույսի մեջ պահեք, որովհետև նրանք են այս երկրի ապագան, իսկ դուք, ցավոք սրտի, ապագա չեք, դուք հիմա ապագան փչացնող եք, քայքայող եք, խանգարող եք ու նրանց պետք է բարձրացնեք, որ նրանք ձեզ պարտադրեն: Դուք հիմա ոչնչացնում եք այս երկիրը, այս երեխաներին զրկում եք հայրենիքից», – ասել է Մանուչարյանը:
Շարունակելով թեման՝ բանախոսն ընդգծել է, որ թեև ընդդիմության ներկայացուցիչները փիլիսոփայությունից դուրս եկած չեն, սակայն ունեն մի առավելություն, ինչի համար ինքը միշտ խնայում ու աջակցում է նրանց:
«Հատկապես այն ներկայացուցիչները, որոնց հետևից գնում է ժողովուրդը՝ երկու որակ ունեն: Մեկը այն է, որ նրանք ունեն քաղաքական գործչի բացասական որակը, մյուսը, որ նրանք սպասարկում են ժողովրդին ու երբ նրանց հարվածում ես, դրանով հարվածում ես նաև ժողովրդին, իսկ դա անթույլատրելի է, քանի որ ժողովուրդը շատ անկեղծ է իր մղումներում», – նշել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամը:
Մանուչարյանը խոսել է նաև վերջին ժամանակներում խոսակցությունների հիմնական մաս դարձած՝ «Րաֆֆին պարտվեց, Րաֆֆին մեռավ» արտահայտությունների մասին:
«Րաֆֆի Հովհաննիսյանը, դրական ու բացասական կողմերը մի կողմ դրած, ներկայացնում է սփյուռքը ու ոչ թե եկել է՝ «նկար մը գցի» այստեղի պաշտոնյաների հետ ու հետո գնա, ասի, թե՝ «կողքինը կամ վրայինը ես եմ», այլ եկել է այստեղ, որ ժողովրդի հետ ու նրա մաս կազմելով հաղթահարի այն անհեթեթությունները, որ այստեղ կան: Լավ է անում, թե վատ է անում, սիմվոլիկ՝ սփյուռքի համար նա հանուն Հայաստանի պայքարող մարդ է ու նա Երևանում կարող է միայն հաղթի», – ասել է բանախոսը:
Ըստ Մանուչարյանի՝ մի շարք հանգամանքներ կան, որոնք շատ կարևոր են, ու դա պետք հասկանա յուրաքանչյուրը, ով «դուրս է տալիս»՝ լինի իշխանության ներկայացուցիչ, թե անալիտիկ լրատվամիջոցից, հստակ պետք է հասկանա, որ «սիմվոլները ժողովրդի համար այս գործընթացը տանող են»:
«Ժողովուրդն այս գործընթացում կարող է միայն հաղթել, հակառակ դեպքում մենք կարող ենք կործանել այս երկիրը, ու իշխանության առաջին գործունեությունը պետք է լինի՝ ապահովել ժողովրդի այդ հաղթանակը: Սա նշանակում է, որ ժողովուրդը պետք զգա, որ ինքը իշխում է, ու պետք լինի հրապարակներում ու լինի թելադրող», -ասել է բանախոսը:
Ըստ նրա՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ը ավարտեր կոչով՝ ասենք ամբողջ հանրապետությունով մեկ ստեղծել Հայաստանի ժողովրդի շտաբեր, ապա կստեղծվեին համակարգեր, որտեղ կհավաքվեր ժողովուրդը՝ ստեղծելու իր ուժը:
«Ես չգիտեմ, թե ինչ պատճառով, բայց այդ մասը չկայացավ, ու մտածում էի, թե ավելի արդյունավետ գաղափարներ կան, քանի որ այդ իմաստով, փաստորեն, ոչինչ չառաջարկվեց, այդ մարդը մնացել է բաց, իսկ այն, ինչ կատարվել է՝ ոստիկանություն, սա, նա, ապա սրանք մեր կյանքի շատ ցավալի ատրիբուտներ են: 20 տարուց ավել է, որ ոստիկանությունը ներկայացվում է ու դարձվում է մեր ժողովրդի թշնամին: Այն դարձել է կողոպտիչների ձեռքին գործիք»,- ասել Մանուչարյանը:
Նա հիշեցրել է, որ այս իրավիճակում տեղին է խոսել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի մասին:
«Մի երիտասարդի պահել բանտում, այն պայմաններում, որ նա ընդամենը ապստամբ է ոստիկանության այդ որակի դեմ, բայց նա գիտի, որ ոստիկանության որակը սա է: Եթե այնտեղ պետք է որևէ հանցագործ նստի, դա Տիգրանը չէ, այլ այդ ղեկավարությունը իրականցնող մարդիկ են: Այդ երիտասարդին դրանց փոխարեն բանտում պահելը անհեթեթություն է», – եզրափակել է Մանուչարյանը: