Լևոն Տեր-Պետրոսյանը մոլորեցրել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին` խոստանալով հեղափոխություն իրականացնել 2007 թվականի փետրվարին, ինչը քանի տարի է՝ չի արել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ինքը՝ Մանուչարյանը՝ նշելով, թե մարդկության պատմությունն ապացուցում է, որ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունները լավ են ստացվում փետրվար ամսին:
«Պայմանավորվածությունն այնպիսին էր, որ նոյեմբերին էլ պետք է լիներ դրանից ավելի առաջատար հեղափոխություն, որի պատասխանատվությունն արդեն ինձ վրա էր, և նա, չկատարելով առաջին պայմանը, պրոբլեմներ ստեղծեց նաև երկրորդի համար: Հիմա ամեն ինչը 5 տարով ուշացել է, ու տեսնենք՝ ինչը երբ ենք անում», -ասել է բանախոսը:
Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք մայիսին հնարավոր չեն հեղափոխություններ, Մանուչարյանը պատասխանել է, որ մայիսին լինում են ազգային ազատագրական պայքարներ ու հաղթանակներ: