Սերժ Սարգսյանը հաղթելու մի հնարավորություն ունի՝ եթե օգնի, որ ժողովուրդը կարողանա ոտքի կանգնել, ու իրեն «պարտադրի կատարել այդ պարտադրանքը». այլ ճանապարհ չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Սերժ Սարգսյանն այսօր ի վիճակի չէ հաղթահարել ու փոխել այն համակարգը, որը գոյություն ունի, որովհետև այդպիսին է համակարգը, որում տեղավորվել է, նույնիսկ ոչ այնքան ներքին, որքան արտաքին», – նշել է բանախոսը:
Նրա խոսքով՝ այսօր ամենաբարդ խնդիրը ստեղծված վիճակից դուրս գալն է:
«Պետական համակարգը ի զորու չէ այս վիճակից հանել երկիրը, քաղաքական համակարգը ՝ նույնպես ի զորու չգտնվեց, ու այսօր հանրապետության ամբողջ ներուժը՝ լինեն նաև քաղաքացիական շրջանակները, մտավորականությունը, բավական ակտիվացած երիտասարդությունը պետք է ուղղել նրան, որպեսզի հնարավորին արագ կարողանանք հաղթահարել ու առաջ գնալ»,- ասել է Մանուչարյանը:
Նա նշել է, որ այս իշխանությունների օրոք Հայաստանը դադարել է «խոշորագույն հայկական պետությունը լինելուց»:
«Այսօր Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, ու այդ տենդենցները շարունակվելու դեպքում շատ արագ կանցնենք 3-րդ տեղն աշխարհում՝ Ամերիկայից ու Ֆրանսիայից հետո: Այսինքն՝ հիմնական գործունեության արդյունքը՝ անկախ նրանից, որ իրեն կգովի, թե դեմոկրատիայով առաջ է անցել, ինչ-որ նոր բաներ է արել, երբ լսում ես պետական քաղաքական այրերի հաշվետվությունները, շեշտում եմ՝ սա հիմնական պարամետրն է՝ Հայաստանը այս վիճակում է գտնվում, ու դա ազգային աղետ է: Այս իշխանությունն ու այս քաղաքական համակարգը, որ գործում են՝ երկիրը տանում ու խորացնում են դեպի ազգային աղետը», – ասել է Մանուչարյանը: