Եթե Լևոն Տեր-Պոտրոսյանի երազանքը չէր աղոթել Վլադիմիր Գասպարյանի հետ, ապա պետք է հիշել, որ Մարտի 1-ի 10 զոհերի և նրանց ծնողների երազանքն էլ չէր հավատալ Տեր-Պետրոսյանին և գնդակի բերան գնալ: Նման հայտարարություն է արել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով շաբաթ օրը ՀԱԿ համագումարին հնչած «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:
Հակոբյանն ասել է, որ զոհերը չգիտեին, թե «Լևոն Տեր-Պետրոսյանը թաքնվելու է իր տանը՝ տնային կալանքի պատրվակով», և թեև ավելի վաղ հրապարկում կարդացել է, որ, իրենից բացի, ոչ մի զոհ չի պահանջվի, մարդկանց բախումների է տարել:
Ըստ «Ժառանգության» անդամի՝ Կոնգրեսի առաջնորդը չի ներում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նրա պայքարը ևս 2008 թվականի պայքարի ելքը չստացավ և ոչ մի զոհ չտվեց:
«Այն խոսքերը, թե իրենք ժողովրդի կողքին էին, և չմիացան պայքարին, քանի որ քաղաքական գործընթացներ չկային, ընդամենը ձևական արտահայտություններ են, քանի որ նրանք պայքարում էին Րաֆֆի Հովհաննիսյանին վարկաբեկելու համար: Եթե իրոք ուզում էին աջակցել, առնվազն այդ կուսակցությունների ղեկավարները պետք է ներկա լինեին բազմահազարանոց հանրահավաքներին», – ասել է Ռուբեն Հակոբյանը:
Ըստ նրա՝ Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատում է Հովհաննիսյանին քաղաքական գործընթացներ չնախաձեռնելու համար, սակայն ինքը ևս քաղաքական գործընթացներ չի նախաձեռնում, այլ ժուլիկությամբ է զբաղվում՝ ԲՀԿ-ի հետ համագործակցելու փորձեր անելով:
«Նրա ելույթը կազմված էր երեք մասից՝ գովասանք ԲՀԿ-ի հասցեին, որը, ես կարծում եմ, ավելի շատ հայհոյանք էր, երկրորդ՝ բամբասանք Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին, երրորդ՝ իրագործել բուրժուադեմոկրատական հեղափոխություն», – ասել է Ռուբեն Հակոբյանը:
Եզրափակելով՝ պատգամավորը նշել է, որ ընդդիմադիր ուժերի միջև ավելի դաժան պայքար է ընթանում, քան իշխանության և ընդդիմության միջև, քանի որ, ընդդիմադիր այլ ուժերը, մասնավորապես, ՀԱԿ-ը, փորձում են քննադատելով և Հովհաննիսյանի նկատմամբ հիասթափություն հարուցելով՝ գրավել ընդդիմադիր ընտրողներին:
Կոնգրեսի հասցեին քննադատություն հնչեցնելուց հետո էլ Ռուբեն Հակոբյանը, այնուամենայնիվ, չի բացառել, որ իրենք կարող են համագործակցել ընդդիմադիր այլ ուժերի հետ Երևանի ավագանու ընտրություններում կամ դրանցից հետո՝ քաղաքապետ ընտրելու հարցում: