2013 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում, երբ Երևանում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեք հիմնական իրավական խնդիր է առանձնացրել՝ Բաղրամյան պողոտան փակելու իրավաչափություն, ցույցին մասնակցող 16 անձանց ոստիկանություն բերման ենթարկելու օրինականություն և Արմեն Մարտիրոսյանի հետ կապված միջադեպի լիարժեք բացահայտում: Այս մասին ասված է ՀՀ ՄԻ պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Կարեն Անդրեասյանը վերոնշյալ խնդիրների առնչությամբ, մասնավորապես, հետևյալ գնահատականներն է հնչեցրել.
«Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպ
Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ Ոստիկանությունից Պաշտպանին հայտնել են, որ ապրիլի 9-ի երեկոյան «Ազատության» հրապարակում կազմակերպված հանրահավաքից հետո՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արմեն Մարտիրոսյանը փորձել է ճեղքել ոստիկանության շղթան և չի կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները` խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջը, ինչի արդյունքում տեղի է ունեցել ընդհարում, որի հետևանքով ոստիկանները, ղեկավարվելով նույն օրենսգրքի 258-րդ հոդվածով, Արմեն Մարտիրոսյանին բերման են ենթարկել ոստիկանության համապատասխան բաժանմունք:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի` ինքն ապրիլի 9-ին իրավախախտում չի կատարել և ոստիկանների գործողությունները որակել է ապօրինի, հակասահմանադրական և հակաիրավական:
ԶԼՄ-ներում լայնորեն տարածված տեսագրության մեջ կարելի է տեսնել, որ ոստիկաններին որոշակի դիմադրություն ցույց տալուց հետո Արմեն Մարտիրոսյանը վնասազերծվում է Ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից, սակայն նույնիսկ դիմադրությունը դադարեցնելուց հետո ոստիկաններից մեկը շարունակում է ոտքով հարվածներ հասցնել Արմեն Մարտիրոսյանի դեմքին: Դարձյալ ԶԼՄ-ներից հայտնի է դարձել, որ վնասազերծված և այլևս չդիմադրող քաղաքացուն բազմակի հարվածներ հասցնող ոստիկանը 1990 թվականի ծնված Մերձավանի բնակիչ Արթուր Ղազարյանն է: Մինչդեռ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն ֆիզիկական ուժի գործադրումը, որպես բացառիկ միջոց կարելի է կիրառել միայն այն դեպքերում, երբ այլ միջոցներով Ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:
Ոստիկանությունից Պաշտպանին հայտնել են, որ այս կապակցությամբ Ոստիկանության պետի հրամանով միջադեպի ընթացքում ոստիկանության ծառայողի կողմից կիրառված ուժի իրավաչափության և համաչափության հարցը քննարկելու համար նշանակվել է ծառայողական քննություն: Ողջունելի է Ոստիկանապետի հատուկ ուշադրությունը նշված միջադեպի նկատմամբ, քանի որ մեկ ոստիկանի ոչ իրավաչափ գործողությունը և դա անհետևանք թողնելը կարող էր ստվերել ապրիլի 9-ին ոստիկանության կողմից կատարված լայնածավալ և շատ առումներով դրական աշխատանքը: Ակնկալում ենք, որ Արմեն Մարտիրոսյանի միջադեպի ընթացքում օրենքը խախտած բոլոր քաղաքացիները՝ անկախ իրենց դիրքից և պաշտոնից կենթարկվեն համաչափ պատասխանատվության:
Մի շարք անձանց բերման և վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր բաժիններ բերման ենթարկված 16 անձանց դեպքերի կապակցությամբ ՀՀ Ոստիկանությունից Պաշտպանին հայտնել էին, որ վերջիններս բերման են ենթարկվել հավաքի վայրից՝ վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով և կարճ ժամանակ անց ազատ արձակվել: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի 262-րդ հոդվածի համաձայն վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելի, քան երեք ժամ: Նշվածի վերաբերյալ որևիցե բողոք կամ ահազանգ չի ստացվել: Այս մասին են վկայել նաև Ոստիկանության համապատասխան բաժիններում ներկա գտնված Պաշտպանի արագ արձագանքման խմբերը: Դրական է նաև այն, որ բոլոր այն դեպքերում, երբ բերման ենթարկված անձինք պահանջել են փաստաբանի մասնակցությունը՝ այն ապահովվել է:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը /ՄԻԵԴ/ իր մի շարք որոշումներում վարչական ձերբակալման և անձի ազատության սահմանափակման վերաբերյալ հայտնել է իր դիրքորոշումը: Մասնավորապես` Սթիլը և ուրիշները ընդդեմ Մեծ Բրիտանիայի գործով դատարանը սահմանել է, որ իրավապահ մարմինների կողմից անձի ձերբակալումը և/կամ ազատության սահմանափակումը օրինաչափ է, եթե անձի կողմից խախտվել է հասարակական կարգը կամ եթե առկա են եղել ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ անձը կխախտի հասարակական կարգը:
Այսպիսով, ընդհանուր առմամբ նման իրավիճակներում առանձին անձանց ոստիկանություն բերման ենթարկելը ինքնին ապօրինի չէ, սակայն առանձին դեպքերում ոստիկանության գործողությունների հետ անհամաձայնություն հայտնած քաղաքացիները կարող են Ոստիկանության գործողությունները և որոշումները վիճարկել դատարանում:
Բաղրամյան պողոտայի փակ լինելը
2013 թվականի ապրիլի 9-ին անցկացվող խաղաղ հավաքի ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտան փակվել էր ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից: Այս հարցի կապակցությամբ ՀՀ Ոստիկանությունից Պաշտպանին հայտնել են, որ երթուղին սահմանափակվել էր Երևանի քաղաքապետի 04.04.2013թ. № 70 որոշմամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ մի շարք արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքը ապահովելու նպատակով: Բացի դա, նշված գործողության հիմք է հանդիսացել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասը, համաձայն որի ոստիկանությունն իրավունք ունի ժամանակավորապես սահմանափակելու կամ արգելելու տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, որ հավաքն արգելվում է, եթե այն անցկացվելու է Հանրապետության Նախագահի նստավայրից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրա բնականոն գործունեությանը:
Խաղաղ հավաքների անցկացման իրավունքի սահմանափակման վերաբերյալ ՄԻԵԴ նախադեպային իրավունքում հստակ սահմանվել են այն պահանջները, որոնց առկայության դեպքում այն կարող է դիտվել իրավաչափ, եթե սահմանված է միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, և այլոց սահմանադրական իրավունքների, ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար (Օսմանը և այլոք ընդ. Մակեդոնիայի): Տվյալ դեպքում թե «Ոստիկանության մասին» և թե «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքները սահմանում են հստակ պահանջներ նման սահմանափակումներ նախատեսելու համար, ինչպես նաև Ոստիկանության հիմնավորումը իրենց կողմից ձեռնարկված գործողությունների վերաբերյալ վերաբերում էր հասարակական կարգի պահպանմանը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարելի է փաստել, որ Բաղրամյան պողոտան փակելու Ոստիկանության գործողությունն իրավաչափ էր, իսկ Երևանի քաղաքապետի 04.04.2013թ. № 70 որոշումը երթի կազմակերպիչների կողմից կարող էր բողոքարկվել բացառապես դատական կարգով»: