«Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը» (ԵԺԿ) ցավում է ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կեցվածքի համար: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել է ԵԺԿ միջազգային քարտուղար Նիկոլա Բրիեքը, ով մասնակցել է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:
Թերթի հարցին, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Եժի Մարտենսին և ԵԺԿ-ին ուղղված բավական կոշտ քննադատությունց հետո ԵԺԿ-ում որևէ քննարկում եղե՞լ է այդ առնչությամբ, քարտուղարը պատասխանել է. «Երկու շաբաթ առաջ մենք ունեցանք ԵԺԿ քաղաքական ասամբլեա, փաստացի որեւէ քննարկում այնտեղ չեղավ Հայաստանի ընտրությունների հետ կապված, ամբողջ ԵԺԿ ընտանիքի համար իրավիճակը շատ պարզ և հասկանալի է. հայաստանյան ընտրություններում հաղթողը նախագահ Սերժ Սարգսյանն է»։
Բրիեքի խոսքով՝ իրենք չեն քննարկում Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը և «ցավում են այդ կեցվածքի համար»:
«Երբեմն հնարավոր է, որ որոշ կուսակցություններ իրենց հարմարավետ չզգան ԵԺԿ-ում ու որոշեն դուրս գալ ԵԺԿ-ից. մենք երբեք չենք մեկնաբանում նրանց որոշումը»,- մեկնաբանելով «Ժառանգության»՝ ԵԺԿ-ից դուրս գալու մասին հնարավոր որոշումը,՝ ասել է Բրիեքը: