Երևանի ավագանու ընտրություներում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը նպատակ ունի ոչ թե քաղաքապետի պաշտոնը ստանալ, այլ ընդդիմադիր քաղաքապետ ունենալ, ուստի նույնիսկ քիչ մանդատներ ունենալու դեպքում, դրանցից չի հրաժարվի:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀԱԿ ցուցակի առաջին համարը զբաղեցնող Վահագն Խաչատրյանը:
«Ես քաղաքապետ դառնալու ամբիցիաներ չունեմ: Ես ընդամենը ուզում եմ օգտակար լինել իմ ունեցած գիտելիքների չափով», – ասել է ՀԱԿ անդամը:
Ըստ նրա՝ 2009 թվականի ընտրություններին իրավիճակը այլ էր. ՀԱԿ-ը հրաժարվեց մանդատներից, քանի որ նախ կային քաղբանտարկյալներ, և նրանց ազատման պահանջ էր դրված, և ընտրություններն անցել էին մեծածավալ խախտումներով, շատ տեղամասում ընտրությունները անվավեր էին ճանաչվել: Վահագն Խաչատրյանն ասել է, որ այժմ չորս ընդդիմադիր ուժեր (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Բարև Երևան» դաշինք) ունենալու են իրենց վստահված անձինք, և ուժերը համախմբելու դեպքում հնարավոր է մինիմումի հասցնել ընտրախախտումները:
Քաղաքապետի թեկնածուի խոսքով՝ այժմ բանակցություններ են ընթանում քաղաքային ընտրություններին մասնակցող ընդդիմադիր չորս ուժերի միջև, և հնարավոր է, որ արդյունքում միասնական շտաբ ձևավորվի:
Լրագրողներից մեկը կարծիք է հնչեցրել, որ նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրել են նաև ՀԱԿ-ի համակիրները և հարցրել, թե արդյոք ՀԱԿ-ը պատրաստվում է որոշակի քայլեր անել այդ ընտրազանգվածին հետ բերելու համար:
Վահագն Խաչատրյանը նշել է, որ ինքը չի ցանկանում ժողովրդին բաժանել երկու մասի, և ամենակարևորը հաղթանակի հույս տալն է, որևէ ընդդիմադիր ուժին ընտրելը:
«Ես չեմ կարող սպասել, որ իմ ընկերը, որը գնում էր Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, պետք է ինձ ընտրի: Ոչ, դա իր որոշելու հարցն է»,- ասել է ՀԱԿ ցուցակի առաջին համարը: