ԱԱԾ մեկուսարանում (Երևան-Կենտրոն ՔԿՀ) գտնվող Սահակ Սահակյանն արդեն հինգերորդ օրն է գտնվում է հացադուլի մեջ, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով` նա հանդիպում է պահանջում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահրամ Շահինյանի հետ: Այս պաշտոնյաներից Սահակյանին դեռ ոչ ոք չի այցելել:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` Սահակյանը չի դադարեցնելու հացադուլը մինչև վերոնշյալ պաշտոնյաները չհանդիպեն իր հետ: Ավելին` նա պատրաստվում է գնալ ինքնավնասման ճանապարհով:
Թերթը հիշեցնում է, որ 2010թ. Քաջարան քաղաքի սրճարաններից մեկի տարածքում տեղի էր ունեցել վիճաբանություն, որը վերածվել էր ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ սպանվել էր Գրիգոր Պապյանը: Գործի կապակցությամբ մեղադրանք էր առաջադրվել Արմավիրի մարզի բնակիչ Սահակյանին, որը մեղադրանքը մինչև օրս չի ընդունել:
Նշենք, որ Պապյանի սպանության գործով այս տարվա հունվարին ձերբակալվել էր Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալ Էդիկ Հովսեփյանը: