Երեկ երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակ են հրավիրվել Արմավիրի մարզի մի խումբ բնակիչներ` հանդիպելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այս մասին իր այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ գրասենյակ մեկնած թերթի թղթակիցները տեսել են, թե ինչպես են արմավիրցիները խմբված սպասում ՀՀԿ-ի շենքի դիմաց:
«Քիչ ավելի ուշ նրանք ներս մտան: Այնուհետև ՀՀԿ գրասենյակ ժամանեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Երբ մեր լրագրողները լուսանկարեցին մարզպետին, նա կատակեց. «Նկարում եք, գոնե էդ լուսանկարը տվեք», ապա ժպտաց ու հեռացավ: Նրա հետ էին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը և ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը: Վերջում կուսակցության գրասենյակ ժամանեց Տարոն Մարգարյանը: Փորձեցինք նրանից պարզել, թե ինչու է հանդիպում մարզի բնակիչների հետ, սակայն նա իր դեմքի խոժոռ արտահայտությունը չփոխեց ու անարձագանք թողնելով մեր հարցը՝ ներս մտավ», – գրում է թերթը:
«Ժողովուրդ»-ի թղթակիցներն ավելի ուշ պարզել են, որ Արմավիրի մարզից «բերման էին ենթարկվել» դպրոցի ուսուցիչները, տնօրենները ու այլ պետական գերատեսչությունների աշխատակիցներ, որոնց Մարգարյանը խնդրել է աջակցել իրեն, ակտիվ քարոզչություն անել, քանի որ մարզում երևանցի աշխատակիցներ շատ կան:
«Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն շարունակում է պետական լծակներն օգտագործել՝ ի շահ կուսակցության»,- եզրափակել է թերթը: