Home / Հայաստան / Հայաստանը պատրաստ է բարելավել հարաբերությունները Հունգարիայի հետ. Նալբանդյան

Հայաստանը պատրաստ է բարելավել հարաբերությունները Հունգարիայի հետ. Նալբանդյան

Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակ է բացվելու: Այս մասին այսօր հուշագիր է ստորագրվել ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի ու Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի միջև:

ԱԳՆ-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան կայացած հանդիպմանը կողմերը կարևորել են հարաբերությունների  խորացումը:

«Ուղիղ մեկ ամիս հետո՝ մայիսի 16-ին, Հայաստանը ստանձնելու է ԵԽ նախագահությունը: Սա շատ կարևոր հանգրվան է Հայաստանի համար իբրև ԵԽ անդամ երկիր, բայց նաև՝ մեծ պատասխանատվություն, և մենք անհրաժեշտ ջանքեր կգործադրենք լավագույնս իրականացնելու այս առաքելությունը», – ասել է ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

Հանդիպումից հետո՝ Նալբանդյանն ու Յագլանդը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում ԱԳ նախարարի պաշտոնակատարը շեշտել է Հունգարիայի հետ հարաբերությունների վերականգման  պաշտոնական Երևանի պատրաստակամությունը:

«Հայաստանը միշտ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հունգարիայի հետ, բայց այդ ուղղությամբ Հունգարիան պետք է համապատասխան քայլեր կատարի»,- հայտարարել է Նալբադյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը դադարացրել էր Հունգարիայի հետ դիվանագիտական կապերը այն բանից հետո, երբ Հունգարիան Ադրբեջանին է արտահանձնել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, ով 2004 թվականին Բուդապեշտում կացնահարել է քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: