Այսօր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև Երևան» դաշինքը երեք երթ էր կազմակերպել Շենգավիթ վարչական շրջանում:
«Բարև Երևանի»-ի ցուցակի առաջին համարը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` մի խումբ համակիրների հետ, դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ էր շարժվել նախկին «Հայրենիք» կինոթատրոնից:
Երթի ընթացքում Արմեն Մարտիրոսյանը և իր աջակիցները թռուցիկներ էին բաժանում քաղաքացիներին, ներկայացնում իրենց մոտեցումները:
Մարդկանց հետ զրույցում Մարտիրոսյանը մաղթում էր մայիսի 5-ին «ճիշտ ընտրություն» կատարել:
«Ժառանգության» ներկայացուցիչն անձամբ մտնում էր Գարեգին Նժդեհ փողոցի վրա տեղակայված խանութներ, սննդի օբյեկտներ, կրպակներ, բարևում վաճառողներին, աշխատակիցներին, զրուցում նրանց հետ:
Գարեգին Նժդեհի հրապարակում Մարտիրոսյանին միացան Ստյոպա Սաֆարյանի խումբը, որը երթով եկել էր «Շենգավիթ» մետրոյի կայարանի մոտից, և Անահիտ Բախշյանի խումբը, որը քայլել էր Չարբախից:
Անահիտ Բախշյանն իր ելույթի ընթացքում նշել է, որ Հայաստանում փոփոխությունները դաշինքը պատրաստվում է սկսել Երևանից:
Այն մարդկանց հետ զրույցում, ովքեր մտահոգություն էին հայտնում ընտրությունների արդյունքների վերաբերյալ, Արմեն Մարտիրոսյանը վստահեցնում էր, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին իրենք արդեն հաղթել են, իսկ գործը ավարտելու են մայիսի 5-ին: