Հայաստանում տնտեսությանը վերաբերող պաշտոնական վիճակագրությունը ոչնչով չի տարբերվում ընտրություններում Սերժ Սարգսյանի «հավաքած» ձայների պաշտոնական հաշվարկից, իր այսօրվա համարում գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ անդրադառնալով հայկական պանրի դեֆիցիտի մասին ծավալված քննարկումներին: Հիշեցնենք, որ երեկ գյուղատնտեսության նախարարությունը բացատրել էր, որ Հայաստանում պանրի դեֆիցիտը դրա հումքի՝ կաթի արտադրության խիստ սեզոնայնության պատճառով է առաջացել:
«Այսինքն, քանի որ ձմռանը մեր կովերը կաթ քիչ են տվել, ուստի պանիրն էլ քիչ է արտադրվել: Նախարարությունը երևի ծանոթ չէ ՀՀ պաշտոնական վիճակագրությանը, ըստ որի, մեր սիրելի կովերը այս ձմռան ամիսներին, անցած տարվա ձմռան համեմատ կտրուկ մեծացրել են կաթի ծավալները: Ու ընդհանրապես, դատելով մեր պաշտոնական վիճակագիրների տվյալներից՝ Հայաստանում պանրի դեֆիցիտ առաջանալ ուղղակի չի կարող այն պարզ պատճառով, որ մեկ շնչի հաշվով արտադրված կաթի ծավալներով մրցում ենք ՍՄՆ-ի հետ», – գրել է թերթը: