Երևանի կենտրոնում գտնվող Արամի փողոցի 72-80 շենքի տուժած բնակիչները դրական տեղաշարժ են նկատել իրենց հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքներում: Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է տուժած բնակարանատեր Սոնա Մաղաքյանը, շենքի բնակարանների անօրինական գնորդները աստիճանաբար մաքրվում են և՛ դատարանում, և՛ հատուկ հանձնաժողովի առաջ:
Հիշեցնենք, որ «Գապբնակշին» ՍՊԸ տնօրեն Գագիկ Պապոյանը 2006 թվականին նշված շենքում 172 բնակարանի համար մոտ 700 առուծախի պայմանագիր է կնքել՝ յուրաքանչյուր բնակարանը մի քանի անգամ վերավաճառելով: Նա խոստացել է շենքը շահագործման հանձնել 2008 թվականին, ինչը մինչ օրս չի արվել: Պապոյանն այժմ ձերբակալված է: Եղել են մարդիկ, որ տվյալ շենքում բազմաթիվ բնակարաններ են գնել, ինչը, խաբված բնակարանատերերի խոսքով, արել են ապօրինությունների դիմելով:
«Դրական միտում կա. անօրինականությունների հարցում մեծ ներդրում ունեցող երկու խոշոր ռեկետյոր թիմերից մեկը հետ է վերցրել իր պահանջները: Խոսքս Հարություն Փամբուկյանի (նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար – խմբ.) մասին է: Նույնը, ցավոք, չեմ կարող ասել մյուս թիմը ղեկավարող Նորիկ Պետրոսյանի մասին, ով իբրև թե Կալուգայի մեծահարուստ է ու 2,5 միլիոն դոլար ներդրում է կատարել, բայց փոխարենը ուզում է 35 միլիոնի տարածք վերցնել մեր շենքում: Նրա գործակալը Արտաշես Կակոյանն է, ով հանրությանը հայտնի է միայն նրանով, որ 2003 թվականի նախագահական ընտրություններին եղել է Ռոբերտ Քոչարյանի լիազոր ներկայացուցիչը, այնուհետ դարձել տնտեսական դատարանի դատավոր: Պապոյանի գրասենյակի ներքևում Կակոյանն ուներ փաստաբանական գրասենյակ, որը զբաղվում էր քաղաքի փաստաբանական բոլոր անմաքուր գործերով՝ տների թալանով: Թեև Կակոյանը որոշել է պղտոր ջրում ձուկ բռնել, սակայն ես խոստանում եմ, որ դա իրեն չի հաջողվի», – նշել է Մաղաքյանը:
Խաբված բնակարանատերը ընդգծել է, որ ինքն այս մասին բարձրաձայնելով՝ «դեղին քարտ է ցույց տալիս Կակոյանի թիմին»: Նա ներկայացրել է Արամի 72-80 շենքերում վերոնշյալ թիմերի գործունեության մանրամասները:
«Երկու զորեղ թիմերն էլ իրենց գործունեության ընթացքում տված գումարի բազմապատիկի չափով մեր շենքում տարածքներ էին ձեռք բերել, ինչի արդյունքում այսպիսի խառնաշփոթ էր առաջացել», – նշել է Մաղաքյանը՝ ընդգծելով, որ 2,5 միլիոն դոլար վճարելով, նրանցից յուրաքանչյուրը մոտ 30 բնակարան էր գնել Պապոյանից:
Մեր զրուցակիցը պատմել է, որ այնուհետ Կակոյանի միջոցով Արամի 72-80 հասցեում սկսվել է բնակարանների առուծախը:
«Նորիկ Պետրոսյանի հարսը՝ Ժենյա Մնացականյանը 4 բնակարան է առել: Նա գնացել ու խարդախությամբ դատավորից թաքցրել է բնակարանի վաճառված լինելու հանգամանքը ու կրկին այդ բնակարանի վրա վճիռ է հանել: Անձամբ ես խոստանում եմ տվյալ հանցագործության մասին հաղորդում տալ գլխավոր դատախազություն ու պահանջել խարդախության համար պատասխանատվության ենթարկել Կակոյանին, ով մանսակցել է բոլոր գործարքներին: Նա կհայտվի Գագիկ Պապոյանի կողքին, իսկ եթե վերջինս շինարար էր, ապա ինքը իրավաբան է՝ ընդ որում, գործարքները վարելու լիազորագիր ուներ հենց Պապոյանից ու այնքան լավ է վարել, որ Պապոյանն այսօր հայտնվել է անդունդում» ,- ասել է Մաղաքյանը:
Նրա կարծիքով՝ այդ գործում ամենամեծ մեղավորը իրավաբանական կրթություն ունեցող Կակոյանն է, ով, ըստ ՀՔԾ-ի փաստաթղթերի, Նորիկ Պետրոսյանի և վերջինիս մարդկանց հետ կնքել է առուծախի 25 պայմանագիր:
«Հետագայում ասել է, թե այդ բնակարաններից հրաժարվում են, փոխարենը շենքի 1-2 հարկում տեղակայված բիզնես տարածք են ուզում, բայց խարդախությամբ վաճառում են նաև այդ բնակարանները՝ հիմնականում դրածոների միջոցով: Թող սպառնալիք չթվա՝ խոստումս կիրականացնեմ, եթե Կակոյանն իր 26 ծպտյալ գնորդներով դուրս չգա մեր շենքից: Այդ 26 բնակարանը 26 հայ մարդու երջանկությունն է, մենք բոլորովին պարտավոր չենք տուն-տեղ ծախել, որ խուլիգանները հարստանան», – ասել է Մաղաքյանը:
Մեր զրուցակիցը պարզաբանել է նաև նախկինում իր կողմից հնչեցչրած այն հայտարարությունները, որոնցում բազմիցս նշվել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի անունը, ում հարազատների վրա գրանցված են եղել Արամի 72-80 շենքում մի քանի բնակարաններ:
«Ես ի լուր աշխարհի միշտ նշել եմ նրա անունը, բայց այստեղ խնդիր կա. քանի որ Հովսեփյանի եղբայրը աշխատում էր Հարություն Փամբուկյանի հետ, պարտքի փոխարեն Փամբուկյանը նրան բնակարաններ էր տվել, այսօր էլ, Հովսեփյանն իր հարազատներով հրաժարվում է Փամբուկյանի տներից: Վերջինս էլ նույնպես հրաժարվել է բնակարաններից, ու հետ պահանջել դրանց համար վճարած երկու միլիոնը: 30-ից ավել բնակարանից կամավոր հրաժարվելով՝ բավական թեթևանում է մեր գործը, մնում է տարոսը մաղթել նաև Կակոյանին, որ հնարավորինս շուտ հետևի Փամբուկյանի օրինակին և հանձնի 26 բնակարանները», – ասել է Մաղաքյանը: