Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին դատարան բերման ենթարկելու դատական որոշումը նրան ուղղված անձնական ծայրահեղ վիրավորանք է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետի պաշտպան Գեորգի Գուլքանյանը:
Նրա խոսքով՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը Հովհաննիսյանին բերման ենթարկելու մասին որոշման իրավունք չուներ, քանի որ Հովհաննիսյանն օրեր առաջ դիմել էր դատարանին իր առողջական ծանր վիճակի մասին տեղեկանքով և խնդրել էր հետաձգել դատական նիստը:
Ըստ փաստաբանի՝ սա առաջին դեպքը չէ, երբ դատավորը անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս իր պաշտպանյալի նկատմամբ: Գուլքանյանը պատմել է, որ նախորդ նիստին դատավորը հարցրել է Հովհաննիսյանի տարիքը, իսկ հետո հավելել է՝ «ես էլ կարծում էի՝ հասուն մարդ եք»:
Փաստաբանն ասել է, որ դիմելու է արդարադատության խորհրդին՝ դատավորի գործողություններին գնահատական տալու պահանջով:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի առաջին մասով՝ անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար: Ըստ մեղադրական եզրակացության՝ Հովհաննիսյանը «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի մուտքի դիմաց վիճաբանության ժամանակ հրել է ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանին, ինչի հետևանքով վերջինս նախ մարմնով և ձախ ձեռքով ընկել է մուտքի դռան եզրային մետաղյա շրջանակին, ապա, կորցնելով հավասարակշռությունը, գլորվել է բազալտապատ աստիճանահարթակից: