Քաղաքային ընտրություններում ընդդիմության հաղթանակը կլուծի 6 խնդիր՝ կթուլացնի ռեժիմի հնարավորությունը վերահսկելու քաղաքական գործընթացները, ողջ հանրապետությունում իշխանությունը քաղաքացուն վերադարձնելու շանս կտա, կստեղծի քաղաքական հավասարակշիռների համակարգ, կնվազեցնի կոռուպցիան, քաղաքական ուժերին կբերի քաղաքակիրթ մրցակցային դաշտ և բիզնեսը կտեղափոխի քաղաքակիրթ մրցակցային դաշտ: Անդրադառնալով մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Այն հարցին, թե ինչու է ՀԱԿ-ն այս ընտրություններին մասնակցում, եթե հրաժարվել էր նախագահական ընտրություններին մասնակցելուց՝ Զուրաբյանը պատասխանել է, թե այդ երկու ընտրությունների միջև մեծ տարբերություն կա:
«Նախ նախագահական ընտրությունները ունեն մեկ հաղթող: Երկրորդ՝ իշխանությունը վերարտադրվելու համար պետք է ստանա 40% ձայն, ինչն անգամ ընտրախախտումների դեպքում բարդագույն խնդիր է ստեղծում: Այս անգամ մեծ վերահսկողական մեխանիզմ է գործելու, քանի որ չորս ընդդիմադիր ուժերն էլ մասնակցում են ընտրություններին և ունենալու են իրենց հանձնաժողովի անդամները ու վստահված անձինք»,- ասել է Զուրաբյանը:
Նա, սակայն, տեղեկացրել է, որ իշխանությունները սկսել են մարզերի բնակիչներին գրանցել Երևանում՝ քաղաքային ընտրություններին ձայներ ունենալու նպատակով:
Զուրաբյանի խոսքով՝ ՀԱԿ-ը բանակցություններ է տանում ընդդիմադիր ուժերի հետ, այդ թվում նաև «Ժառանգություն» կուսակցության հետ (ընտրություններին ներկայացել է «Բարև Երևան» դաշինքով):
Այդ բանակցությունների 4 փուլ է կայացել, քննարկվել է միասնայան շտաբ ձևավորելու հարցը:
Ըստ ՀԱԿ փոխնախագահի՝ առայժմ պարզ չէ՝ շտաբ կլինի, թե ոչ, սակայն մի հարցում բոլորը համակարծիք են՝ պետք է միասնաբար պայաքարել ժողովրդի ձայնը պահելու համար: