Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի այլընտրանքային գոնե մեկ իրական թեկնածու այսօր չկա, կարծում է Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը:
Նա վստահ է, որ ՀՀԿ-ի քարոզարշավից դժգոհ մարդիկ և քաղաքական շրջանակները դժգոհ են լոկ այն պատճառով, որ այս պահի դրությամբ, երբ ՀՀԿ-ն հատել է քարոզարշավի հասարակածը, չի ստացվել բորբոքել ու քաղաքականացնել ընտրությունները:
«Այս 10 օրերի ընթացքում չի ստացվել քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ ընտրությունները իրականում մատուցել որպես քաղաքական ընտրություններ», – հայտարարել է Աշոտյանը:
Նրա խոսքով՝ էլէկտորալ շանսերը հավասար չեն, որովհետև, կարող է՝ «հանրապետականին այնքան չեն սիրում, որքան սիրում են Տարոնին»:
«Դիտավորյալ եմ ասում Տարոնին, որովհետև Երևանի քաղաքացին իր քաղաքապետին սկսել է ընդունել ու դիտարկել որպես իր մտերիմ քաղաքապետ, դրա համար նաև իրեն թույլ է տալիս կենցաղային խոսակցություններում, քննարկումների մեջ ասել՝ «ես ընտրում եմ Տարոնին»: Այո, երևանցիները այսօր պատրաստ են ընտրել Տարոնին և Տարոնին սատարող քաղաքական թիմին»,- ասել է Աշոտյանը: