Ի սկզբանե կանխատեսելի էր, որ Տիգրան Սարգսյանը վերանշանակվելու է, և կառավարության մեծամասնությունը, կարծում եմ, կպահպանի պորտֆելները: Այս մասին Pastinfo.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Մեր գնահատականը չի փոխվել. այս կառավարությունը՝ այս վարչապետի գլխավորությամբ, ի վիճակի չէ լուծել երկրի առջև ծառացած լրջագույն սոցիալ-տնտեսական մարտահրավերները, ինչի վկայությունն է ահագնացող արտագաղթը, ինչի վկայությունն է աճող աղքատությունը, ինչի վկայությունն է գործազրկությունը: Եթե այս ամենը համարվում է լավ ցուցանիշ, հանուն որի պիտի վարչապետ վերանշանակվեր, ապա ինչպես ասում են՝ no comment, մեր գնահատականները չեն փոխվել», – ասել է Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է այսօր մամուլում շրջանառվող լուրերին, թե իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է վարչապետի հետ և քննարկել հնարավոր կոալիացիա կազմելու հարցը, ապա, ըստ Զոհրաբյանի, դրանք չեն համապատասխանում իրականությանը:
«Բարգավաճ Հայաստան»-ն ասել է, որ մենք որևէ քաղաքական մոտիվացիա չենք տեսնում այս քաղաքական թիմի հետ իրականացնելու մեր տնտեսական քաղաքականությունը: Չեն համընկնում երկիրը սոցիալ-տնտեսական այս ճգնաժամից դուրս բերելու մեր պատկերացումներն այս տնտեսական թիմի, այս վարչապետի ներկայացրած տնտեսական ծրագրի հետ»,- ասել է պատգամավորը: