Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում մեկնարկել են Փոքր ՀԷԿ կառուցելու նախաշինարարական աշխատանքները, փորել են հողը և պատրաստություններ են արվում ենթակառուցվածքներ հիմնելու համար: Երեկ կատարված աշխատանքները տեղում ուսումնասիրել են մի քանի բնապահպան ակտիվիստներ, ում ահազանգել էին Բյուրականի բնակիչները՝ խնդրելով միանալ իրենց բողոքի ակցիային: Ինչպես Epress.am-ին պատմել է բնապահպան Ապրես Զոհրաբյանը, Փոքր ՀէԿ կառուցելու համար կատարված աշխատանքները սողանքի վտանգ են առաջացրել, քանի որ թուլացրել են Բյուրական և Օրգով համայնքները միացնող ճանապարհը:
Եվ մեկ բան, որն անհանգստացրել է բնապահպաններին, այն է, որ գյուղում հանրային լսումներ նախկինում չեն անցկացվել, մինչդեռ ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները սկսելուց առաջ երկու հանրային լսումներ պետք է անցկացվեն, և նախագծին պետք է հավանություն տա համայնքը:
Ապրես Զոհրաբյանի խոսքով՝ ձորում շինարարության դեմ բողոքի ակցիա էին անում մոտ 600 գյուղացիներ: Նրանք նշում էին, որ առանց այն էլ գոյություն ունի ոռոգման ջրի սակավության խնդիր, և ամռանը «ախպերն ախպոր հետ կռիվ է անում» ջուր ստանալու համար: Գյուղացիները վախենում են, որ ՀԷԿ-ն այդ քիչ ջուրն է կտանի, և գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ փաստի առաջ կկանգնեն:
«Քանի որ մենք նոր ենք ստացել ահազանգը, և երեկ ենք միայն տեղում իրավիճակին ծանոթացել և խոսել մարդկանց հետ, պետք է սկսնեք ծանոթանալ՝ ինչ իրավական հիմքեր կան ՀԷԿ-ը կառուցելու համար, ով է բնապահպանական եզրակացություն տվել և այն»,- ասել է Ապրես Զոհրաբյանը:
Գյուղացիներն ասել են, որ իրենք չգիտեն՝ արդյոք գյուղապետը հանրային լսումների ֆորմալ ձևակերպում տվել է, թե ոչ, բայց դա նշանակություն չունի. Իրենք պնդում են, որ թույլ չեն տալու ՀԷԿ-ի կառուցումը:
Գյուղացիներն ասել են նաև, որ, իրենց տեղեկություններով, ՀԷԿ-ի սեփականատերն է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: