Ֆինանսների նախարարությունն «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի պահանջով տեղեկանք է տրամադրել, որի համաձայն՝ ՀՀ նախագահի աշխատակազմը 2010–2013թթ. ընթացքում ՀԿ-ների ֆինանսավորման համար պետական բյուջեից նախատեսել է շուրջ 500 մլն ՀՀ դրամ, և 31 ՀԿ 3 տարվա ընթացքում ստացել է 499 միլիոն 818 հազար ՀՀ դրամ պետական ֆինանսավորում, գրում է «Հրապարակը»:
«Զարգացում և ինտեգրացիա» ՀԿ-ն 2011-2012 թթ. ֆինանսավորվել է 6 անգամ՝ 74 միլիոն 978 հազար ՀՀ դրամի չափով։ Այս ՀԿ-ն 2010-2012-ին ՀՀ նախագահի աշխատակազմից ամենաշատ ֆինանսավորում ստացածն է։ Ամենաշատ ֆինանսավորում ստացած հաջորդ ՀԿ-ներն են՝ «Երիտասարդների երկիր» և «Արբանյակ» կազմակերպությունները՝ համապատասխանաբար 27 միլիոն 492 հազար և 27 միլիոն 10 հազար դրամ։
Այս կազմակերպությունների գործունեության մասին թերթը համացանցում տվյալներ չի գտել։ Փոխարենը՝ ՀՀ արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրում դրանց վերաբերող հետաքրքիր տեղեկություններ կան։ Երկու տարում պետության՝ հարկատուների փողերից 74,9 միլիոն դրամ ստացած «Զարգացում և ինտեգրացիա» ՀԿ հիմնադիրները ՄԻԱԿ հիմնադիր, ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Լևոն Մարտիրոսյանն ու իր կինն են։
Բացի «Զարգացում և ինտեգրացիա» կազմակերպությունից, ևս վեց ՀԿ պետությունից փող է ստացել թե 2011-ին, թե 2012-ին։ Բոլոր վեց ՀԿ-ների հիմնադիրների մեջ կա Սուրեն Ներսիսյան անունը։ «Արբանյակ» իրավապաշտպան ՀԿ-ն երկու տարում պետությունից ստացել է 27 միլիոն դրամ։ Հիմնադիրներն են՝ Սուրեն Ներսիսյանը, Հովհաննես Բարսեղյանը, Ամալյա Բալաբեկյանը։
«Մեր երկրի ապագան՝ մեր ձեռքերում» իրավապաշտպան ՀԿ-ն երկու տարում պետությունից ստացել է ավելի քան 26 միլիոն դրամ։ Հիմնադիրներն են՝ Սուրեն Ներսիսյանը, Հովհաննես Բարսեղյանը, Միքայել Մարտիրոսյանը։
«Երիտասարդների երկիր» ՀԿ. երկու տարում պետությունից ստացել է ավելի քան 27 միլիոն դրամ։ Հիմնադիրներ՝ Սուրեն Ներսիսյան, Հովհաննես Բարսեղյան, Արա Հովսեփյան։
«Կրթված սերունդ կրթական ասոցիացիա» ՀԿ. երկու տարում պետությունից ստացել է ավելի քան 22 միլիոն դրամ։ Հիմնադիրներ՝ Սուրեն Ներսիսյան, Անուշ Ավանեսյան, Վալենտինա Գեւորգյան։ «Մեր ուժը մեր երիտասարդությունն է» երիտասարդական ՀԿ. երկու տարում՝ 23 միլիոն դրամ։ Հիմնադիրներ՝ Սուրեն Ներսիսյան, Հովհաննես Բարսեղյան, Միքայել Մարտիրոսյան։ «Կանայք առաջնորդ» ՀԿ՝ 23 միլիոն դրամ։ Հիմնադիրներն են՝ Սուրեն Ներսիսյանը, Ինգա Հարությունյանը, Էդուարդ Հարությունյանը։