Ապրիլի 19-ին Բրյուսելում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը և ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոտգոմերին ստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև ռեադմիսիայի (սեփական քաղաքացիների կամ նախկինում սեփական երկրում բնակված օտարերկրյա քաղաքացիների հետընդունում) մասին համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
«Հայաստանն ավելի քան մեկ տասնյակ Եվրոպական Միության անդամ պետությունների հետ ռեադմիսիայի համաձայնագրեր էր ստորագրել և անգամ այն պետությունների հետ, որոնց հետ նման համաձայնագրեր չէին կնքվել, մենք իրականացնում էինք դա որպես բարի կամքի դրսևորում։
Այս համաձայնագրով մենք հիմք ենք դնում կանոնակարգված ռեադմիսիայի գործընթացներին Հայաստանի և Եվրոպական Միության բոլոր պետությունների միջև», – ստրոգրման արարողության ժամանակ իր ելությում ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշել է, որ 2011թվականի հոկտեմբերին Եվրամիության հետ ստորագրվել է Շարժունակության գործընկերության վերաբերյալ հռչակագիրը, որի նպատակն է օրինական և աշխատանքային միգրացիայի ավելի լավ կառավարումը։
«Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցությունը շարժունակության, միգրացիայի և մարդկային շփումների ամրապնդման ոլորտներում զգալի առաջընթաց է ապրել վերջին տարիների ընթացքում»,-ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը։
Նա նաև ասել է, որ Հայաստանն ակնկալում է 2012թ. դեկտեմբերին ստորագրված մուտքի արտոնագրի տրամադրման դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի շուտափույթ վավերացումը Եվրոպական Միության կողմից, որը հնարավորություն կստեղծի բանակցություններ սկսել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ: